Tag Archives: կիսաձայն

ՀԻՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉԱԲԱՆԱԿԱՆ ՄԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
(վ (v)-ի, ւ (ṷ)-ի և ու (oṷ)-ի հնչույթահնչյունաբանական առնչությունները)

Հին հայերենի վ (v), ւ (ṷ) և ու (oṷ) գրերով նշանակված լեզվական միավորների հնչաբանական բնութագրերի հարցը հայերենագիտության քննության նյութ է եղել դեռևս 19-րդ դ. վերջերից Հ. Հյուբշմանի աշխատություններում: Ըստ Հ. Հյուբշմանի՝ այդ երեք գրերով արտահայտվել է միևնույն հնչյունը (իմա՝ հնչույթը – Վ.Պ.), մի տարբերությամբ. եթե վ (v)-ն պարզ շփական բաղաձայն էր, ապա ւ (ṷ)-ն և ու (ou)-ն, պայմանավորված դիրքային կիրառությամբ, երկբնույթ էին՝ կարող էին հանդիպել ինչպես բաղաձայնական՝ [v], այնպես էլ ձայնավորական՝ [u] արժեքով: Հնչույթաբանական առումով դա նշանակում է, որ վ (v), ւ (ṷ), ու (ou) գրերով արտահայտվել են միևնույն հնչույթի երեք դիրքային տարբերակները՝ այլահնչակները: Հայերենագետների մեծ մասը, որոնք այս կամ այն կերպ անդրադարձել են խնդրին, հայեցակարգային առումով ընդունել է Հ. Հյուբշմանի հարացույցը (Ա. Մեյե, Ն. Մառ, Հ. Աճառյան, Ս. Ղազարյան, Է. Թումանյան, Հ. Մուրադյան)՝ դրանից շեղվելով միայն մասնավոր հարցերում: Ասվածը բնութագրական է հատկապես ու (oṷ)-ի դեպքում. վերոհիշյալ բոլոր հեղինակներն էլ հին հայերենի ու (oṷ)-ն համարել են երկու տառով նշանակված պարզ ձայնավոր՝ [u]: Այդ առումով բացառություն էր Հ. Պեդերսընը, ըստ որի՝ հին հայերենի ու (oṷ)-ն երկբարբառ էր: Ու (oṷ)-ի երկբարբառային բնույթի մասին ակնարկել են նաև Ս. Ղազարյանը, Ա. Աբրահամյանը, Է. Թումանյանը և Վ. Համբարձումյանը: Է. Աղայանն առաջին հայերենագետն էր, որը 20-րդ դ. 60-ական թթ. հին հայերենի հնչույթային համակարգը քննեց իրապես հնչույթաբանական մոտեցումով՝ հիմք ընդունելով Ն. Տրուբեցկոյի մշակած գործառական հնչույթաբանության սկզբունքները, այն է՝ տարբերակիչ հատկանիշների և երկանդամ հակադրության: Դրանով հանդերձ, նշված հնչական բաղադրիչների բնութագրերի հարցում Է. Աղայանը նույնպես ընդհանուր առմամբ պաշտպանեց Հ. Հյուբշմանի հայեցակարգը: Ըստ Է. Աղայանի՝ նշված երեք հնչյուններից բուն հնչույթը <Ու>-ն էր, որը ձայնորդ էր, իսկ ու (oṷ)-ն, վ (v)-ն և ւ (ṷ)-ը նրա դիրքային տարբերակները՝ ենթահնչույթներն էին: Սույն աշխատանքում, դարձյալ առաջնորդվելով գործառական հնչույթաբանության սկզբունքներով, ցույց է տրվում, որ՝ 1) վ (v)-ը և ւ (ṷ)-ը հին հայերենի հնչույթային համակարգի լիիրավ անդամներ էին, չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ ունեին կիրառության մասնակի սահմանափակում. այն է` ւ (ṷ)-ով չէր կարող սկսվել բառը, իսկ բառավերջում վ (v) կարող էր լինել միայն ո (o) ձայնավորից հետո, եթե արտաբերվող հնչյունը ու (oṷ) երկբարբառակերպը չէր (հմմտ. բով «մետաղը հալելու հնոց», ի հակադրություն բու-ի «բու թռչունը»). այլապես ձայնավորահաջորդ դիրքում՝ բառամիջում, թե բառավերջում, սովորական էր ւ (ṷ)-ը, այլ ոչ թե` վ (v)-ը. 2) ու (oṷ)-ով նշանակվել է ոչ թե պարզ ձայնավոր, այլ երկբարբառային կազմություն, ավելի ստույգ՝ երկբարբառակերպ: Այդ տեսակետի ակներև փաստարկներից է այն, որ ւ (ṷ) կիսաձայնը, ինչպես և յ (i̭) կիսաձայնը, հանդիպում էր միայն երկբարբառակերպների կազմում և կարող էր ինքնուրույնաբար հերթագայվել ինչպես բաղաձայնների, այնպես էլ յ (i̭) կիսաձայնի հետ՝ ձևավորելով իմաստատարբերակիչ, այլ կերպ՝ հնչույթաբանական հակադրություններ (հմմտ. բաւ «սահման, ծայր» ∼ բան «խոսք, ասացված» ∼ բառ «բառ», գոյն «երանգ. ներկ» ∼ գուն-(ել) «գույն տալ» և այլն): Ընդ որում, հնչույթաբանական հակադրություններ գործել են նաև նույն երկբարբառակերպների ձայնավորական բաղադրիչների միջև (հմմտ. նաւ «նավ» ∼ նու «հարս», չու «երթ, ուղևորություն» ∼ չեւ «դեռ չեղած, տակավին ոչ» և այլն): Իսկ դա նշանակում է, որ երկբարբառակերպների ձայնավորական և կիսաձայնական բաղադրիչների կապը թույլ էր, և նրանք կարող էին գործառել նաև առանձնաբար: