Tag Archives: համաթյուրքականություն

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ ԶԱՔԱԹԱԼԱՅԻ ՕԿՐՈՒԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Մեծ Ադրբեջան» ծրագրի համատեքստում (1918-1921 թթ.)

1918-1920 թթ. ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում վրացիներն ու կովկասյան թաթարները ներկայացան մեկը մյուսի դեմ ուղղված տարածքային պահանջներով: Վրաստանի և Անդրկովկասում հայտնված արհեստածին «Ադրբեջան» կազմավորման միջև սահմանավեճերը համառ ու տևական բնույթ ստացան և ընդհուպ ռազմական բախումների վերածվեցին հատկապես Զաքաթալայի օկրուգի պատկանելության հարցում: Ադրբեջանի նկրտումները Զաքաթալայի օկրուգի նկատմամբ տեղավորվում էին «Մեծ Ադրբեջան» ծրագրի շրջանակում: Օգտվելով տարածաշրջանում Օսմանյան կայսրության բանակի առկայությունից` մուսավաթական կառավարությունը, չսպասելով սահմանավեճերի վերջնական կարգավորմանը, նպատակադրվեց դավադիր քայլերով բռնազավթել Զաքաթալայի օկրուգը:

Ադրբեջանում 1920 թ. ապրիլի 28-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունը նույնպես պահպանեց մուսավաթականների ծավալապաշտության ռազմավարական ուղեգիծը և շարունակեց համակարգված քայլեր ձեռնարկել «Մեծ Ադրբեջան» ծրագիրն իրականացնելու համար: «Սոցիալիստական ինտերնացիոնալիզմի» քողի տակ գործող ՌԿ(բ)Կ ԿԿ Հյուսիս-Կովկասյան բյուրոն, հանձին նրա նախագահ Ս. Օրջոնիկիձեի, սատարեց այդ ծավալապաշտական քաղաքականությանը և Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցվեց Զաքաթալայի օկրուգը: Այսպիսով, եթե երիտթուրքերն ու մուսավաթականները համաթյուրքական օղուզական պետության հայեցակարգի շրջանակում ստեղծեցին արհեստածին «Ադրբեջան» կազմավորումը, ապա ՌՍԴԽՀ բարձրագույն ղեկավարությունը տարածաշրջանում թյուրքական գործոնի ամրապնդման միջոցով համաշխարհային հեղափոխության խթանման նպատակից ելնելով, ըստ էության, նույնպես նպաստեց «Մեծ Ադրբեջան» համաթյուրքական գաղափարի իրականացմանը: