Tag Archives: հայկական լեռնաշխարհ

DOI: 10.57192/18291864-2026.1-3

ՄՈՆՏՈԼՈԳԻԱՅԻ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Ներկա հրապարակումը Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները մոնտոլոգիական հետազոտության ենթարկելու առաջին փորձն է։ Համառոտ պատմական ակնարկի միջոցով ցույց է տրվում, որ անկախ պետականության կորստից հետո Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններն օգտագործելն է ապահովել հայրենի հողի վրա համահավաք գոյության օջախների պահպանումը։ Ապացուցվում է, որ լեռներում հաստատված հայության մարտունակ ու դիմադրունակ հատվածներն են դարձել նոր ու նորագույն ժամանակների հայ ազատամարտի առանցքային դերակատարները, իսկ հետագայում էլ ապահովել են հայոց պետականությունը վերականգնելու խնդրի ռազմական լուծումները։

Հայ լեռնականի առանձնահատուկ պատմական առաքելության բացահայտման միջոցով հրապարակումը կարևորում է արևմտյան մի շարք զարգացած երկրների լեռնային շրջանների ֆիզիկաաշխարհագրական, ընկերային-տնտեսական ու հոգևոր-մշակութային բնութագրերի լայն ընկալման վրա հիմնված մոնտոլոգիա (լեռնագիտություն կամ լեռնաբանություն) գիտակարգի ճանաչողական հնարավորությունների և գործիքների կիրառության խնդիրը։ Այդ գիտական ձեռքբերումները աշխատանքի լայն դաշտ են բացում նաև Հայաստանի գիտնականների համար, քանզի մոնտոլոգիական հետազոտությունների արդյունքների օգտագործումը մեզ թույլ է տալու Հայաստանի սահմանամերձ լեռնային շրջանները դարձնելու երկրի ռազմական անվտանգությունն ամրապնդող և տնտեսական ու էկոլոգիական մարտահրավերները հաղթահարող ամուր պատնեշներ։ Դրա համար մեր բնաշխարհագրական միջավայրի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները, նրանում տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունները և լեռնականների յուրահատուկ հոգևոր-մշակութային միջավայրը հարկավոր է դիտարկել մեկ ամբողջություն։ Նման համադրական, այսինքն՝ մոնտոլոգիական մոտեցումը Հայաստանի անվտանգ գոյատևումն ապահովելու և լեռնային շրջանները զարգացնելու նախապայմանն է։