Tag Archives: Մանուկ Աբեղյան

ԲԱՐՈՅԱԻՐԱՎԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՆԱԳԵՏ ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼՈՒ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱԿՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Հովսեփ Օրբելու բանագիտական գործունեությունը, մասնավորապես հայկական հերոսական էպոսի ուսումնասիրությունը, բավականին մանրամասն գնահատության է արժանացել մասնագիտական գրականության մեջ: Սույն հոդվածում քննվում է Հ. Օրբելու «Միջնադարյան Հայաստանի առակները» վերնագրով հայագիտական ուսումնասիրությունը՝ բնագրերով, որը պատշաճորեն չի լուսաբանվել մասնագիտական
շրջանակներում:

«Միջնադարյան Հայաստանի առակները» աշխատության մեջ Հ.Օրբելին Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու և Ողոմպիոսի առակների միջոցով բացահայտում է դարաշրջանի բարոյաիրավական, սոցիալ-տնտեսական, պատմամշակութային իրողությունները: Օրբելու «Միջնադարյան Հայաստանի առակները» ժողովածուի նյութը սերտորեն առնչվում է ժողովրդական բանահյուսությանը և ունի բանագիտական մեծ արժեք: Հեղինակը հայկական առակները քննել է ըստ Նիկողայոս Մառի կազմած առակների բանագիտական նշացանկի:

Գիրքն ունի այբբենական և սկզբնաղբյուրների մատենագիտական ցանկեր, ծանոթագրություններ, որտեղ տեղեկություններ և բացատրություններ են տրվում առակների ժանրային տիպաբանության, սոցիալական ուղղվածության, թեմաների և սյուժեների տարածվածության վերաբերյալ:

Հ. Օրբելու դիտարկումները Մ. Գոշի, Վ. Այգեկցու և Ողոմպիոսի առակներում արտացոլված միջնադարյան Հայաստանի (նաև Կովկասի) XII-XIII դդ. հասարակական և մշակութային կյանքի վերաբերյալ մեծապես նպաստել են բանագիտական բազում խնդիրների բացահայտմանը: