Tag Archives: Մարմարե սալ

ՎԱՂ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԱՂԲՅՈՒՐ

Հայկական վաղհելլենիստական արվեստի ուշագրավ նմուշ է եղել մարմարե քանդակազարդ սալը, որը մեզ չի հասել, բայց առկա է նրա լուսանկարը։ Այն կեղծիք չէ․ նրա պատկերների պաշտամունքային և գաղափարախոսական հենքը բխում է Զևս-Արամազդի՝ որպես Հայոց գերագույն աստծու և թագավորող ընտանիքի հովանավորի ըմբռնումից։ Պատկերաքանդակի կենտրոնական կերպարը՝ ցլագլուխը, խորհրդանշում է Զևս-Արամազդին՝ որպես Ամպրոպի և Արևի աստված։ Մարմարե սալի պատկերներն ունեն սիմետրիայի առանցք, որից ձախ՝ թագուհի մայրն է՝ դուստրերով, իսկ աջ՝ երկարամորուք հայրը (հավանաբար՝ քրմապետը)՝ որդիներով։ Ձախ կողմինները բարձրացրել են ձախ ձեռքերը, աջ կողմինները՝ աջ ձեռքերը։ Ձախ կողմում պատկերված թագուհին նվիրաբերում է հնգյակ կազմող փունջ (5-ը Ամպրոպի աստծու խորհրդապաշտական թիվն է), իսկ աջ կողմում պատկերված տղամարդը՝ եռյակ կազմող փունջ (3-ը Արևի աստծու խորհրդապաշտական թիվն է)։ Ձախ կողմում մոր հետ պատկերված դուստրերը երեքն են, աջ կողմում հոր հետ պատկերված որդիները ևս երեքն են։ Դրանք համապատասխան են դրված Հայկ աստծու զավակների՝ աստղեր դարձած թվին, որոնցից՝ դուստրերը Հայկի (Կշիռ) համաստեղության առաջին մեծության աստղերն են, իսկ որդիները՝ երկրորդ մեծության։

Մարմարե պատկերաքանդակը, մեր կարծիքով, նաև պատմական սկզբնաղբյուր է և արտացոլում է մ․թ․ա․ 3-րդ դարի կեսին Մեծ Հայքում տեղի ունեցած պատմական իրադարձությունները՝ Երվանդունի արքայադուստրն ամուսնացել էր Հայոց քրմապետի հետ և լույս աշխարհ բերել (ըստ Մովսես Խորենացու՝ ապօրինի խառնակությամբ) ապագա թագավոր Երվանդ Վերջինին (մոտ մ․թ․ա․ 222-201թթ․) և Երվազ քրմապետին։ Հոր հետ պատկերված տղաներից ավագը ապագա թագավորն էր (ավագ որդին էր թագաժառանգ լինում), իսկ կրտսերը՝ երկար վարսերովը՝ ապագա քրմապետը։ Մարմարե պատկերաքանդակը հաստատում է Մովսես Խորենացու պնդումը Երվանդ Վերջինի՝ հայրական գծով բուն արքայատոհմից (Երվանդունի, ըստ Խորենացու՝ Արշակունի) չլինելու վերաբերյալ։ Նա մայրական գծով էր Երվանդունի։

Անանուն պատմիչը (Սեբեոս) իր բերած Հայոց արքայացանկում Երվանդ Վերջինի հորն Արշակ է կոչում։ Բայց իրականում սա եղել է ոչ թե նրա հայրը, այլ մորական պապը՝ Երվանդունի տոհմից։ Բանն այն է, որ հնում ընդունված չէր մորը ներառել տոհմացանկում, նրան փոխարի նելու էր մորը տոհմակից տղամարդը։

Այն, որ ոչ թե Արտաշես I-ն է մոր կողմից Երվանդունի եղել, այլ Երվանդ Վերջինը, հաստատվում է նաև Արտաշես I-ի (մ․թ․ա․ 189-160 թթ․) Երվանդական արամեագիր տոհմանվան միջոցով։ Ընդ որում նույն տոհմանվան զուտ հայերեն Երվանդեան տարբերակով է հայտնի եղել նաև նրա թոռը՝ Տիգրան II Մեծը (մ․թ․ա․ 95-55 թթ․)։ Այս տոհմանունների և Երուանդ/Արուանդ արքայանվան հիմքում հնդեվրոպական ծագումով *peruṇt- (-հ․-ե. *per- «խփել», «հարվածել») նախաձևն է։