Tag Archives: մետադիեգեսիս

ՇՐՋԱՆԱԿՄԱՆ ՀՆԱՐԸ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋՈՑ՝
Լ. Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում

Հոդվածն իրականացնում է Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի ուսումնասիրությունը՝ բացահայտելով նրանում հայոց հավաքական ինքնության որոնման համար շրջանակման հնարի կիրառման աշխատակարգերը: Ստեղծագործության կառուցվածքային վերլուծությամբ ցույց է տրվում, որ վեպը ծավալվում է հորիզոնական դասավորությամբ պատումային երկու՝ դասախոսական և օրագրային շրջանակների աստիճանական (շղթայական) կառուցմամբ: Հիմնական այս պատումներից (դիեգեսիսներ) յուրաքանչյուրն ընդգրկում է ուղղահայաց դասավորությամբ պատումային այլ շրջանակներ:

Մանրամասն ուսումնասիրելով պատումային բոլոր մակարդակները, նրանց միմյանց հարաբերվելու կերպն ու գործառույթները՝ հոդվածում այն տեսակետն է ներկայացվում, որ ազգային ինքնության վերակառուցարկման, արդիականացման և շարունակականության ապահովման համար գեղարվեստական տիրույթում ելքերի որոնման դեգերումներում Խեչոյանը շրջանակման հնարն օգտագործում է հայկականություն հովանի պատումի, իսկ առավել կոնկրետ այն պայմանավորող մեծ պատումներից Փոքր Մհերի առասպելի կազմաքանդման և ազգային գաղափարախոսության խոսույթների վերանայման նպատակով: Վերլուծությամբ ստացված տեղեկությունների հիման վրա ցույց է տրվում, որ այս վեպում երկու դիեգեսիսների և նրանցում տեղ գտած պատումային բազմաթիվ մակարդակների հարաբերման արդյունքում Խեչոյանի անցած ճանապարհը հատկանշվում է մի քանի փուլով՝ հավաքական ինքնության ավանդական ձևի կարևորում և մեկնաբանում, ազգային ինքնության նոր հարացույցի մշակման համար նախաքրիստոնեական և քրիստոնեական բոլոր հարացույցների համադրում, «հաշտեցում», վերածնված խորհրդանշանների և պատումների շուրջ տարատեսակ քննարկումներ, վերաիմաստավորումներ: Այսպիսի ճանապարհով և էպոսի ու հատկապես Փոքր Մհերի միջոցով Խեչոյանին հաջողվում է հաղթահարել ինքնության կորստի վախերը՝ մշակելով ազգային ինքնության նոր՝ ընդհանրական հարացույց, որում կարևոր դեր ունեն արժեհամակարգը՝ որպես նախաքրիստոնեական և քրիստոնեական արժեքների համաձույլ, Ագռավաքարը՝ որպես նոր արժեհա-
մակարգի պաշտպան ինստիտուտ, և Փոքր Մհերը՝ որպես հասարակական բոլոր գործառույթների ներմարմնավորում, նոր արժեքների կրող ու պաշտպան: Ավելին՝ հենց տեքստային հատույթների թուլացման և մետալեպսիսի միջոցով է, որ հնարավոր է լինում վերջնականապես ընկալել Փոքր Մհերի խեչոյանական մեկնաբանությունը. Մհերը ո՛չ «աշխարհից նեղացած» հերոս է, ո՛չ էլ անգամ բացառապես փրկչական գործառույթի կրող. նա հայոց ինքնության պահպանման երաշխիքն է: