Tag Archives: մշուշված վերհուշ

ՊԱՏՈՒՄԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԱՄԲԵՐԱՆՔԻ ՉԻԲՈՒԽԸ» ՊԱՏՄՎԱԾՔՈՒՄ

Ավետիք Իսահակյանի բազմաժանր արձակում ուրույն տեղ զբաղեցնող «Համբերանքի չիբուխը» պատմվածքում հատկապես ակնառու է Վարպետի գեղարվեստական արձակին առհասարակ բնորոշ կարևորագույն հատկանիշը՝ պատմողական և քնարական տարրերի միասնությունը՝ ներքին քնարականությունը։

Պատմվածքն ունի ինքնատիպ կոմպոզիցիա. գրված է իբրև քնարական վերհուշ, պատմողի հոգում արթնացող պատկերների շարք, իսկ մուտքի և ավարտի փոխադարձ կապով ստեղծվում է կառուցվածքային մի յուրօրինակ ձև, որը կարելի է անվանել կոմպոզիցիոն օղակ։ Ուշագրավը նաև համբերանքի չիբուխի այլաբանական պատկերն է, որը դարձել է ստեղծագործության վերնագիրը և արտահայտում է հեղինակային մտահղացման էությունը։

Գրողի հետ չնույնացող և նրա ստեղծագործական երևակայության ծնունդ պատմողը՝ հեղինակային խոսքի պայմանական կրողը, իր անունից է ներկայացնում պատմությունը. նա գործողությունների վերհիշողն է և դեպքերը շարադրում է առաջին դեմքով։ Այդ ընթացքում միաժամանակ բացահայտվում են պատմողի անհատական հույզերը, ընկալումները, տպավորություններն ու եզրահանգումները։

«Համբերանքի չիբուխ»-ի գլխավոր հերոսը թեև պատկերվում է իրադարձությունների կենտրոնում, սակայն դրանք բացվում են զրույցի ընթացքում՝ իբրև վերհուշ և կյանքի փիլիսոփայական իմաստավորում։ Բացի այդ՝ պատումը հագեցած չէ գործողություններով. հերոսն իր կենսափորձով և բարոյախոսությամբ է կշռադատում ու գնահատում կյանքի իրողությունները։ Ասել է թե՝ նա ինչ-որ չափով թե՛ գործողությունն առաջ տանող և թե՛ միաժամանակ դեպքերն իմաստավորող կերպար է։ Պատումի այդ ձևը գեղարվեստական ինքնատիպ մտահղացում է, որը դիպաշարային բուն դիպվածին հաղորդում է կյանքի լայն շառավիղ ու փիլիսոփայական խորք։

«Համբերանքի չիբուխ»-ի պատումի յուրահատկություններից են նաև պատմողի կարծես մշուշված վերհուշն ու արձակը չափածոյին հնարավորինս մոտեցնող պատկերավորման յուրահատուկ գծերը՝ մետաֆորիկ մտածողությունն ու քնարականությունը, ռիթմը և կառուցիկությունը։