Հոդվածում քննվում են ձիերի գեղարվեստական կերպարները Լև Տոլստոյի (1828-1910) «Խոլստոմեր» վիպակում և Հրանտ Մաթևոսյանի (1935-2002) «Ալխո» պատմվածքում: Ուսումնասիրության նպատակն է համեմատել երկու ստեղծագործություններում պատկերված ձիերի կերպարները և բացահայտել դրանց նմանություններն ու առանձնահատկությունները: Նմանությունները բխում են Մաթևոսյանի ստեղծագործության վրա Տոլստոյի գրական ավանդույթի թողած ազդեցությունից, ինչպես նաև ռուս և հայ գրողների աշխարհայացքային հարազատությունից: Հոդվածի արդիականությունը պայմանավորված է միջմշակութային կապերի և փոխազդեցությունների ուսումնասիրության կարևորությամբ:
Լև Տոլստոյի և Հրանտ Մաթևոսյանի «ձիերի պատմությունների» վերլուծությունը ցույց է տալիս, որ Մաթևոսյանի «Ալխոն» իր բնութագրերով շատ հարազատ է Տոլստոյի «Խոլստոմերին»: Համեմատությունը բացահայտում է այս ստեղծագործությունների և դրանց գլխավոր հերոսների միջև եղած զգալի ընդհանրություններ՝ չնայած մի շարք էական յուրահատկություններին: Որպես ձիու անհատականացման ձևակերպումներ՝ Մաթևոսյանի «ձիությունը» և Տոլստոյի «ձիու զգացողությունը» գեղարվեստական հոմանիշներ են: Ձիու էությունը մարմնավորելու համար հեղինակները կիրառում են նույնականացման մեթոդը. Տոլստոյը նույնանում է Խոլստոմերի, Մաթևոսյանը՝ Ալխոյի հետ: Սա ձիուն «ներսից» նայելու նրանց ցանկության հետևանքն է:
Կենդանական թեմաների նկատմամբ Մաթևոսյանի ու Տոլստոյի ուշադրությունը և մասնավորապես ձիերի կերպարների ստեղծման ընթացքը բացատրվում են անձնական, գրական-պատմական, գաղափարական, գեղարվեստական և հոգեբանական գործոններով: Առավել մեծ ուշադրություն է դարձվել երկու գրվածքների ստեղծագործական պատմությանը, Խոլստոմեր և Ալխո ձիերի իրական նախատիպերին, գեղարվեստականացած ձիերի արտաքինին, նրանց աշխատանքին, ուրիշ ձիերի և մարդկանց հետ ունեցած հարաբերություններին և ձիերի վախճանին։ Հոդվածը գրված է համեմատական և հոգեբանական գրականագիտության մեթոդների համադրությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել կենդանիների հոգեբանության և ներքին աշխարհի՝ «ձիություն» երևույթի բացահայտմանը։ Գեղարվեստական բնագրերից բացի՝ օգտագործվել են նաև Տոլստոյի ու Մաթևոսյանի լրացուցիչ պարզաբանումները, տոլստոյագիտության և մաթևոսյանագիտության մեջ տեղ գտած օժանդակ նյութերը։