Tag Archives: շարիաթ

ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՆ ԻԲՆ ԹԱՅՄԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մուհամմադ մարգարեի մահից հետո ձևավորվեց «խալիֆայի»՝ մարգարեի «տեղապահի» ինստիտուտը, որի նպատակն էր հետևել, որ մուսուլմանական համայնքը ճիշտ կատարի Ալլահի խոսքը և չշեղվի ճշմարիտ ուղուց։ 1258 թ․ մոնղոլական արշավանքի հետևանքով խալիֆայության կազմալուծումը ցնցում է իսլամական աշխարհը, ումմային կանգնեցնում նոր խնդիրների առջև։ Այդ խնդիրներից էր արտաքին հարձակումներին դիմագրավելու նպատակով իսլամական հասարակության համախմբումն ու քաղաքական կազմակերպումը, որից բխում էին խալիֆայության վերականգնման պարտադիր լինելու և մուլքի թույլատրելի լինելու հարցերը։ Բայց քանի որ ստեղծված պատմաքաղաքական հանգամանքներում խալիֆայության վերականգնումը գործնականում հնարավոր չէր, ումմայի միասնականությունը հաստատելուն և թշնամիներին դիմագրավելուն քիչ թե շատ ունակ ուժը Եգիպտոսի մամլուքյան սուլթանությունն էր։ Այս առումով խիստ հետաքրքրական են խալիֆայության ինստիտուտի վերաբերյալ հանբալիական կրոնաիրավական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Իբն Թայմիայի հայտնած մտքերը և տեսակետները, որոնք ցայսօր արդիական են՝ պայմանավորված մուսուլմանական հասարակական զարգացումներում իսլամական գործոնի ակտիվացման, իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից շարիաթի օրենքներով առաջնորդվող խալիֆայության ստեղծման գաղափարների լայն տարածման հանգամանքով։ Խնդրո առարկա հարցերի շուրջ Իբն Թայմիայի հայացքները հասկանալու և դրանց վերաբերյալ առկա կարծիքները լուսաբանելու համար դիտարկել ենք «խալիֆա» և «խալիֆայություն» եզրերի վերաբերյալ կրոնաիրավագետի մոտեցումները։ Սույն հոդվածի շրջանակներում ուսումնասիրել ենք Իբն Թայմիայի աշխատությունները՝ զուգահեռաբար անդրադարձ կատարելով որոշ հետազոտողների կողմից արված երբեմն իրարամերժ մեկնաբանություններին։

ՊԱՏՄԱԿԱՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ (16-19-ՐԴ ԴԴ․)

Այս հոդվածում ներկայացվում է օսմանյան տիրապետության շրջանում՝ 16-19-րդ դարերում, Պատմական Սիրիայի (Բիլադ ալ-Շամ, Ասորիք) հայերի իրավական կարգավիճակը՝ որպես զիմմի և հայկական միլլեթի բաղկացուցիչ մաս,ինչպես նաև նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակը՝ որպես ռայա։

Նշված ժամանակաշրջանում Բիլադ ալ-Շամի հայերի իրավական և սոցիալ-տնտեսական կարգավիճակը հիմնված էր զիմմի ավանդության, հայկական միլլեթի շրջանակում սահմանված նորմերի վրա և պայմանավորված էր տեղական վարչակառավարման առանձնահատկություններով։

Այս շրջանում Բարձր Դուռը ժողովրդին դասակարգում էր ոչ թե ըստ էթնոլեզվական, այլ կրոնական պատկանելության, ըստ այդմ՝ կայսրության ոչ մուսուլման բնակչությունը, որն ըստ «Աշխարհագիր մատյաններ» (Tahrir Defteri) փաստաթղթերի, մոտավորապես 16-րդ դարի կեսերին կազմում էր բնակչության 40%-ը, բաժանված էր դավանական երեք համայնքների՝ միլլեթների՝ հույն-ուղղափառ, հայ-առաքելական և հրեական։