Երկհատորյակը բացահայտում է արևմտահայ գաղթականության ծանրակշիռ գործոնի ազդեցությունը նորանկախ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա և այդ համատեքստում երկրում առաջ եկած հատվածականության հիմնախնդիրը։ Այս փոխկապակցված հիմնահարցերը ներկայացվում են ազգային անվտանգության ապահովման և բարդ սոցիալ-քաղաքական գործընթացների կառավարման համատեքստում։ Հենվելով հարուստ փաստաթղթային ու վիճակագրական աղբյուրների վրա՝ հեղինակը ցույց է տալիս, որ արևմտահայ գաղթականության մեծ զանգվածի առկայությունը ոչ միայն հումանիտար ճգնաժամ էր և ներքին հակասությունների սրմանը նպաստող գործոն, այլև ազգային պետականության հզորացման կենսական հնարավորություն։
Հաշվի առնելով այդ իրողութունները՝ հեղինակը կարողացել է համադրել պետական կառավարման համակարգը կենտրոնացնելու մարտահրավերները և հասարակական հարաբերությունների բարդ զարգացումը՝ ընդգծելով, որ տվյալ պատմաշրջանում արևմտահայ և արևելահայ հատվածների միջև անվստահությունն ու օտարվածությունը դարձել էին ներքին քաղաքական անկայունության հիմնական աղբյուրները։ Նա ցույց է տալիս, թե ինչպես էր գաղթականության խնդիրը ճիշտ կամ սխալ կառավարելը ուղղակիորեն ազդում բանակաշինության ու տնտեսական միջոցների բաշխման վրա։ Մանրակրկիտ վերլուծվել է նաև Արևմտահայերի 1-ին համագումարի գործունեությունը՝ որպես հատվածական մոտեցումների բացահայտման առաջին հրապարակային հարթակ։
Աշխատությունը լրացնում է հայ պատմագրութան մեջ առկա բացերը, որոնք վերաբերում են Հայաստանում և Անդրկովկասում առկա հայ փախստականների թվաքանակը ճշգրտելու և տեղավորելու ռազմավարությանը և օգնության պետական քաղաքականությունը համակարգելուն։ Հայրապետյանի հավաքած փաստերը կարևոր են նաև ներկայում մեր երկրում իրականացվող քաղաքականության հետ համեմատության ու քննադատական վերաիմաստավորման համար։ Հեղինակի գիտական ոճն առանձնանում է գիտապատմական փաստերի հանդեպ բարեխիղճ վերաբերմունքով և եզրակացությունների հստակությամբ. հմուտ պատմաբանը երբեք չի ձգտում վերջնական ճշմարտության՝ մտածելու տարածք թողնելով ընթերցողի համար։
Երկհատորյակը արժեքավոր ուղենիշ է հետազոտողների համար. այն բացում է նոր հորիզոններ՝ համադրելու ազգային հիշողության փորձը, պետական կենսունակության աղբուրները և համայնքային համախմբման առաջնահերթությունները։ Վաղամեռիկ պատմաբանը այս աշխատությամբ դեռ մասնակցում է ներկա գիտական երկխոսությանը։ Նրա գաղափարը վերածվում է գիտակրթական և ճանաչողական գործելակերպի՝ ապացուցելով, որ ազգային պատմությունը պետք է դիտարկել ոչ միայն անցյալի գնահատման, այլև ապագայի կողմնորոշիչները հստակեցնելու հարթությունում։
Սրանով Կարեն Հայրապետյանի երկհատորյակը դառնում է գիտական բարեխղճության և հայագիտությանը անմնացորդ նվիրվածության հուշարձան։ Այն վկայում է, որ պատմությունը հնարավոր է գրել ոչ թե գաղափարախոսության միջոցով, այլ պատասխանատվության զգացումով, երբ յուրաքանչյուր փաստ վերածվում է իմաստային խտության։ Այս հատորներն ընթերցողին առաջարկում են ոչ միայն անաչառ ու ճշգրիտ պատմական գիտելիքներ, այլև գիտական մտածողության մշակույթ, որտեղ ակադեմիականությունը և ազգի ապագայի հանդեպ պատասխանատվութունը բարեխղճորեն ներդաշնակվում են միմյանց։