Tag Archives: սրբազան խմիչք

ՀՈՄԱ-ՍՈՄԱ
Արիական սրբազան խմիչքը հայ և համաշխարհային գրականության մեջ

Հոդվածում քննվում են հայ գրականության մեջ արիական սրբազան խմիչքի պատկերման և իմաստավորման հարցերը։ Սոմա և Հոմա անուններով հայտնի հնդիրանական սրբազան բույսի, ծիսական խմիչքի և աստվածության պատկերները, ծագելով համապատասխանաբար հին հնդկական «Ռիգվեդա» և հին իրանական «Ավեստա» սուրբ գրքերից, իմաստավորվել են հին աշխարհի և նոր ժամանակների մտածողների կողմից։ Սույն ուսումնասիրության մեջ հայ գրականության համապատասխան երկերը, հատկապես Եղիշե Չարենցի «Սոմա» պոեմը դիտարկվում են համաշխարհային դիցաբանության և գրականության համատեքստում։ Առավել մեծ ուշադրություն է դարձվել սրբազան խմիչքի իրանական դրսևորմանը՝ Հոմային, որը ավելի քիչ է ուսումնասիրվել հայ գրականագիտության մեջ։ Քննվում են Ղևոնդ Ալիշանի, Րաֆֆու, Դանիել Վարուժանի, Լեոյի և ուրիշ հեղինակների գործերում տեղ գտած զրադաշտական շերտերը և դրանց առնչությունը «Ավեստա» սրբազան գրքի հետ։ Հոման և զրադաշտականությունը պատմահամեմատական և միֆոլոգիական սկզբունքներով զուգադրվում են անտիկ պատմագիրների (Հերոդոտոս, Պլուտարքոս), միջնադարի և նոր ժամանակների համաշխարհային գրականության նշանավոր դեմքերի՝ Ֆիրդուսու, Գեորգ Էբերսի, Գյուստավ Ֆլոբերի գեղարվեստական պատկերների հետ։ Առանձին բաժնով ներկայացված է ռուս խորհրդապաշտ բանաստեղծ Կոստանդին Բալմոնտի ժառանգության զրադաշտական շերտը։ Հոդվածը գրված է միջգիտակարգային կապերի ընդգծման սկզբունքով։ Լինելով հիմնականում գրականագիտական՝ այն օգտագործում է նաև կրոնի պատմության և փիլիսոփայության, համեմատական առասպելաբանության, հոգեբանության մեթոդները։ Մեթոդաբանական հիմքերի առումով ելակետային դեր են խաղացել գերմանացի արևելագետ Ֆրիդրիխ Վինդիշմանի, «Ավեստայի» թարգմանիչ Ջեյմս Դարմեստետերի, ռուս բանասեր Դմիտրի Օվսյանիկո-Կուլիկովսկու դրույթները։ Երևույթի իմացաբանական արժեքը բացահայտելու համար ուղեցույցի դեր են խաղացել Հեգելի փիլիսոփայական և Կարլ Յունգի հոգեվերլուծական բնութագրումները։ Հոդվածի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ Չարենցի «Սոմա» պոեմը դիպված չէ, այլ Հոմա-Սոմա արիական սրբազան խմիչքի ու նրա պաշտամունքի հետ հայ գրականության ունեցած սերտ առնչություններով բացատրվող օրինաչափ երևույթ։