Tag Archives: քաղաքակրթական հետագիծ

ԻՆՉՈ՞Ւ Է ԹԻՐԱԽԱՎՈՐՎՈՒՄ ԱՐԱՐԱՏԸ

Հոդվածը ցույց է տալիս, որ ներկայումս Արարատ լեռան` Թուրքիայի տարածքում գտնվելու փաստը «Արարատ» հասկացությամբ խորհրդանշվող մեր ազգային հիշողության ու համաքրիստոնեական արժեհամակարգի հետ «շփոթելու» հնարքը հայ ժողովրդի հանդեպ շարունակվող մշակութային ցեղասպանությունը ՀՀ սահմաններից ներս տեղափոխելու փորձ է։

Քանի որ դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը ինքնաբերաբար ներգրավվում է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի մեջ, ապա նման մարտահրավերի քննութունը հնարավոր է միայն երկու՝ համաժամանակյա և տարաժամանակյա հարթություններում։ Առաջինը պահանջում է Հայկական լեռնաշխարհի տեղանունների վերաբերյալ թուրք-ադրբեջանական պատկերացումների գիտական ուսումնասիրութունը, որպեսզի բացահայտվեն քոչվորների ու տեղաբնիկների լեզվամտածողության սկզբունքային տարբերությունները։ Երկրորդը պահանջում է լուսարձակել Հայաստանի առանցքային դերը՝ Արարատ լեռան ու Արարատի երկրի մասին Հին Արևելքի դիցաբանական պատկերացումները համադրելու, վերաիմաստավորելու և ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը փոխանցելու գործում։ Նման քննութունից են բխում հոդվածի երկու հիմնական եզրակացությունները։