Tag Archives: օդ

ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՊԱՐՈՆՅԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»

Որպես ֆիզիոլոգիական ակնարկի ժանրի դասական օրինակ՝ «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ակնարկաշարն ուշագրավ է համաշխարհային երգիծաբանության ասպարեզում և, ի դեպ, եզակի ամբողջ հայ գրականության համապատկերում։

Անցյալի գրականագիտությունն այս գլուխգործոց երկը չի դարձրել հատուկ ուսումնասիրության առարկա: «Պտույտի․․․» նկատմամբ հետաքրքրությունն անհրաժեշտաբար ծագեց մեր օրերում, և նորահայտ բազմաթիվ փաստերի հայտնաբերմամբ ու համադրմամբ (25 նոր ակնարկների տարբերակներ) առաջին անգամ ստեղծվեց այդ ստեղծագործության գիտական ամբողջական պատմությունը։ Իսկ Պարոնյանի այս գլուխգործոցն անտարակուսելիորեն ունի արդիական հնչեղություն․ նրանով կարելի է վերականգնել Արևելքի և Արևմուտքի հատման կետում գտնվող Կոստանդնուպոլսի՝ XIX դարի երկրորդ կեսի գեղարվեստական կենսապատումը՝ հագեցած խոր վավերականությամբ ու գունագեղ միջավայրով։ Բնավ պատահական չէ, որ «Պտույտ․․․»-ը թարգմանվել է թուրքերեն և լույս տեսել Ստամբուլում: 2014 թվականին այս երկն ընդգրկվել է Թուրքիայում ամառվա ընթացքում ընթերցողներին առաջարկվող լավագույն գրքերի ցանկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ցանկը կազմել է թուրքական «Հուրիեթ» թերթը`խորհուրդտալով այն կարդալ ամառային արձակուրդներին՝ «որպես լավագույն դեղամիջոց այն ընթերցողների համար, որոնք որոշել են արձակուրդն անցկացնել Ստամբուլում»։ ««Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» գրքում Հակոբ Պարոնյանը երգիծանքով պատմում է Պոլսո 34 թաղամասերի հասարակական և բակային կյանքի, պոլսահայ հասարակության խնդիրների նկատմամբ հայ ղեկավարության անտարբերության, դասակարգային տարանջատման ստեղծած հակասությունների մասին։ Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը, կերպարը, անգամ` իր ժողովուրդների մեծ մասին» («Արմենպրես», 2014),- նշվում է գրքի ծանուցագրում: Ուստի մեր ուսումնասիրությունն էլ միտված էր վեր հանելու մեծ քաղաքի պատկերման պարոնյանական սկզբունքները, խնդրո առարկա երկի գաղափարագեղարվեստական առանձնահատկությունները և արժեքաբանական համակարգը: