Սուրէն Դ. Դանիէլեան
Դեռ 1920-ական թթ. երկրորդ կէսին, երբ նոր-նոր ուրուագծւում էր Նիկողոս Սարաֆեանի գրական ոճերի համակարգը, Յակոբ Օշականը նրան յղած նամակներում, մտերմիկ դիրքերից, փորձում էր կարգի բերել իր առերևոյթ դժգոհութիւնները, ժխտական լիցքեր ձեռք բերած նկատառումները, ուղղորդել նրան Սփիւռքի գրական նոր ծաւալուող խաչուղիներում: Ըստ էութեան՝ խիստ էին քննադատի դատումները. իբր ֆրանսահայ արուեստագէտը նոր նիւթ չի բերում, խօսքը ներքին կառուցում չունի, յաւակնոտ է գրական հարցադրումներում, մարդկանց չի ճանաչում, և այսպէս՝ ութ շարունակական, իրար շաղկապուած ենթակէտեր, որոնցից իւրաքանչիւրը մէկ այլ գրողի «տապալման» բաւարար հիմնաքար կարող էր լինել: