ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԱՍՏՎԱԾ — 2022-1

Արքայական սուվերենության գաղափարաբանական հիմունքները Բագրատունյաց Հայաստանում

Ռուբեն Լ. Մանասերյան
Հռոմեական կայսրերը՝ Օգոստոսից մինչև Դիոկղետիանոս (մ.թ.ա. I դ. վերջերից — մ.թ. III դ. վերջ), իրենք էին թագադրում Հայաստանի արքաներին՝ դրանով իսկ յուրացնելով թագավորական արժանավորությունը շնորհող աստծո գործառույթը1։ Հռոմեական կայսրության գերակայությունը հայոց թագավորության նկատմամբ ուներ հեթանոսական կրոնագաղափարաբանական հիմքեր: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով՝ Տրդատ III-ը մերժեց հռոմեական հեթանոս կայսեր աստվածայնությունը, հայոց արքայի հետ հարաբերություններում գերագույն կարգադիր ատյանի դերում հանդես գալու նրա հավակնությունները2։ Դրանով Հայաստանում վերականգնվեցին թագավորական իշխանության աստվածակարգ բնույթը և սուվերենությունը (ինքնիշխանությունը)3: Ուստի IV դարի կեսին, Ներսես Մեծի հայտարարությամբ, արքան բնիկ տեր էր՝ տրված Աստծուց, նրա կողմից ստեղծված։