ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2022-1

Հետահայաց քննություն մեկ դարի հեռավորությունից

Ավագ Ա. Հարությունյան
ՀՅ Դաշնակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության միջև գաղափարաքաղաքական տարաձայնություններ կային դեռևս մինչև Հայաստանի խորհրդայնացումը, բայց 1920 թ. դեկտեմբերի 2-ին խորհրդային կարգերի հաստատումից հետո դրանք վերածվեցին համընդհանուր (տոտալ) հակամարտության ու պայքարի: Այս անգամ ակտիվ ու նախահարձակ կողմը Հայաստանի բոլշևիկյան իշխանություններն էին, որոնք իրենց առջև նպատակ էին դրել հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով «արմատախիլ անելու» այն ամենը, ինչ կապված էր ՀՅԴ անվան հետ: Այս երևույթը զուտ տեղային բնույթ չէր կրում. բուն Ռուսաստանում գրեթե վճռվել էր ոչ կոմունիստական կուսակցությունների ճակատագիրը, և հասկանալիորեն կոմկուսի հաստատած մենատիրության մեխանիզմն ինքնին պետք է կիրառվեր նաև Հայաստանում: Եվ այդ աշխատանքում ՀԿԿ-ին ամեն ինչում աջակցում էին ՌԿ(բ)Կ ԿԿ-ն և նրա Կովկասյան բյուրոն, որին հետո փոխարինեց Անդրկովկասի երկրամասային կոմիտեն: