ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ – 2022-3

Ամփոփում

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ (անգլերեն)

Վաչագան Ռ. Գրիգորյան

Ուսումնասիրությունը նվիրված է Հրանտ Մաթևոսյանի գրականության մեջ խորհրդային հավասարեցման քաղաքականության հետևանքների քննադատությանը։ Հոդվածում նոր տեսանկյունով են վերլուծվում գրողի ստեղծագործությունները, կիրառվել են համադրական, պատմահամեմատական և վերլուծական մեթոդները:

1917 թվականի հեղափոխությունից հետո բավականաչափ մեծ էր հետաքրքրությունը բոլշևիկյան փորձի հանդեպ։ Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմը կասեցրեց երկրի զարգացման ընթացքը, այդուհանդերձ, 20-րդ դարակեսին այլևս ակնհայտ էին վարվող քաղաքականության անդառնալի հետևանքները։ Դեռևս իր ակնարկներում բացահայտելով «հաշվարկելի, պլանավորված» տնտեսական քաղաքականության հետևանքները՝ գրողը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակում խորացնելով հարցադրումը, ներկայացրել է երկրի վարած քաղաքականության հետևանքով աշխատավորի օտարումը ինչպես աշխատանքից, այնպես էլ օրենքից և դատական համակարգից:

Գրականության մեջ ճշմարտությունը բարձրաձայնելու վախվորած փորձերի կողքին Հրանտ Մաթևոսյանի ակնարկներն ու երկերը հեղաշրջեցին կաղապարված հասարակական մտածողությունը։ «Ահնիձոր» ակնարկը համարձակ հարցադրումներով ու ընդհանրացումներով դարձավ խորհրդային երկրի տնտեսվարման քաղաքականության լրջագույն քննադատություն։ Գրողը համարձակորեն ցույց էր տալիս նաև ստեղծված կացությունից դուրս գալու ելքը։ «Ահնիձորը» նաև հասարակական կեցության հաշվարկելի ձևերի հետևողական քննադատություն էր, որը Մաթևոսյանը զարգացրեց իր հետագայում գրված գործերում։ Այս ելակետային սկզբունքն ամբողջացվել էր դեռևս գրողի 1959 թվականին գրած «Տափաստանում» ակնարկում, որում գրողն ըմբոստանում է կյանքի «ստանդարտ» ձևերի դեմ. նա խոսում է կատարելագործվող մարդկանց մասին։ Մաթևոսյանը գրականություն էր մտնում կյանքի հաշվարկելի ձևերը մերժելու և բնական կենսաձևերը պաշտպանելու անխախտ մտայնությամբ:

Հարցադրումները գրողը քննում էր ոչ միայն հասարակական, այլև բնագիտական՝ կենսաբանական մակարդակում։ Նրա «Ծաղրածուների մեր տոհմը» վիպակը բնության կողմից մարդուն տրված պաշտպանական միջոցի՝ ծիծաղի և լրջության՝ ռացիոնալիզմի հա կադրության պատմություն է, իսկ «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը՝ կեղծ հաշվարկների և մարդկային բնավորության բախման արտահայտություն։

Մաթևոսյանական աշխարհն ուղղված է «բնական մարդու» իրավունքների պաշտպանությանը և համահունչ է բախտինյան եզրահանգմանը՝ դրանից բխող հետևանքներով։ Պաշտպանել մարդավայել ապրելու իրավունքը նշանակում է մեծագույն պատասխանատվություն զգալ մարդու և մարդկության ճակատագրի առաջ: