Մաս երկրորդ։ ՀՅԴ եվրոպական քարոզչությունը և «Pro Arménia»-ի ծնունդը
Գևորգ Ս. Խուդինյան
1895 թ. մայիսի 11-ին մեծ տերությունների ընդունած բարենորոգումների ծրագրի արթնացրած հույսերի ու դրանց հաջորդած 1895-1896 թթ. դաժան կոտորածների առաջ բերած հուսալքության մթնոլորտում ՀՅ Դաշնակցության Կովկասի, Ռուսաստանի ու Պարսկաստանի մարմինների 1896 և 1897 թթ., այսպես կոչված, տարեկան ընդհանուր ժողովներում
աստիճանաբար ուրվագծվեց, իսկ փոքր-ինչ ուշ՝ 1898 թ. գարնանը տեղի ունեցած երկրորդ ընդհանուր ժողովում վերջնականապես ձևակերպվեց ՀՅԴ եվրոպական քարոզչության
քաղաքական ծրագիրը։ Դրա իրականացման գործիքակազմի ընտրության խնդիրը սկզբում դիտարկվում էր «Դրոշակի» խմբագրությունն ընդարձակելու և այն «Դաշնակցութեան արտասահմանեան ներկայացուցիչ-բիւրօ»-ն դարձնելու սահմանափակ առաջադրանքի տիրույթում։