ԵՐԳԻԾԱՆՔԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆԻ ՉԱՓԱԾՈՅՈՒՄ Կարինե Լ. Առաքելյան Կյանքի արատներն ու թերությունները ծաղրող ու ձաղկող երգիծական գրականությունը դարերի պատմություն ունի: Երգիծաբանությունը իր ուրույն դերն ու նշանակությունը և հարուստ ավանդույթներն ունի նաև հայ գրականության պատմության մեջ: Այն ներկա է մեր գրականության ամենավաղ շրջանում և իր զարգացման գագաթնակետին է հասել հատկապես արևմտահայ երգիծաբանության կարկառուն ներկայացուցիչներ Հակոբ Պարոնյանի և Երվանդ Օտյանի շնորհիվ: Այնուհետև այն իր ընթացքն է շարունակել արևմտահայ գրականության օրգանական շարունակությունը հանդիսացող սփյուռքահայ գրականության մեջ, որի փայլուն ներկայացուցիչներից մեկն է Նշան Պեշիկթաշլյանը: