Արեն Մ. Սանթոյան, Նազիկ Գ. Հովհաննիսյան
Հայերենի բայական հարադրությունները, այդ թվում և զուգաբայական հարադրությունները լեզվաբաններն ուսումնասիրել են հատկապես իմաստային տեսանկյունից։ Հարցին անդրադարձել են Ա. Այտընյանը, Հ. Աճառյանը, Ս. Ղազարյանը, Մ. Աբեղյանը, Ա. Աբրահամյանը, Հ. Բարսեղյանը, Է. Աղայանը, Ա. Մարգարյանը, Գ. Սևակը, Վ. Առաքելյանը։ Զուգաբայական հարադրությունները նախապես առանձին բայեր չեն համարվել. առաջին բաղադրիչը (հիմնականում կալ, նստել, անցնել, գալ, երթալ բայերը) դիտվել է ավելադրություն, որը սաստկացրել է («զորացրել») մյուս բայի իմաստը։ Մ. Աբեղյանից սկսած՝ զուգաբայերն արդեն առանձին բայեր են դիտվում («երկու կից բայերն ասվում են իբրև մեկ բայ»), որոնց բաղադրիչների միավորումը կատարվում է անհրաժեշտաբար և իմաստային-քերականական և արտասանական հանգամանքներում։