ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո – 2024-2

Արմեն Ց. Մարուքյան

2020 թ. 44-օրյա պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ Արցախի և Հայաստանի հանրապետությունների համար: Մարդկային ու տարածքային լուրջ կորուստներից բացի, էապես մեծացան անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները հայկական երկու հանրապետությունների բնակչության համար: Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը չբավարարվեց 2020 թ. պատերազմի արդյունքներով, որոնք իրենց արտահայտությունը գտան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում՝ փորձելով ամեն կերպ զարգացնել Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ ու համակողմանի աջակցությամբ ձեռք բերված հաջողությունները: Հայկական հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվությունը ոչ միայն չնվազեց, այլև ստացավ նոր դրսևորումներ՝ վերածվելով բազմակողմ հիբրիդային պատերազմի: