ՏՈՒՆ/ԸՆՏԱՆԻՔԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2019-4

Ալբերտ Ա. Ստեփանյան

Հոդվածը խնդիր ունի հետազոտելու ընկերային կառույցի հիմնարար բաղադրիչի՝ տուն/ընտանիքի կերպափոխությունները հընթացս հայոց պատմության երկար տևողության: Տևողություն, որը կազմում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» իմաստային հենքը: Այս հոլովույթում ընտանիքը դիտարկվում է հայոց ազգային ինքնության երեք հարացույցների համածիրում՝ տոհմիկ կառույց, քաղաքական ազգ և ուխտ Աստծոյ: Հայոց սովորութային իրավունքի, հելլենիստական իմաստասիրության, զրադաշտական և աստվածաշնչյան իրավական ըմբռնումների լույսի ներքո բացահայտվում է ընտանիքի ներքին կառույցի, ունեցվածքային և բարոյական հարաբերությունների համալիրը: Բազմամուսնություն և մենամուսնություն, լիարժեք և պայմանական ամուսնություններ՝ ահա այն չափույթները, որոնցով լուսաբանվում է հիմնախնդիրը: Հարդյունս բացահայտվում է ներընտանեկան հարաբերությունների այն բազմազանությունը, որը պարառում է ընկերային համակեցության այս հիմնարար միավորի սովորութային, ծիսական, բարոյական և իրավական հիմքերը: Դրանց հարմոնիկ համադրությունը միտված է ապահովելու նրա կայունությունն ու շարունակականությունը հընթացս հարափոփոխ ժամանակի:

Առանձնակի սևեռումի առարկա է ընտանիք-հանրույթ-պետություն հարաբերությունների ուսումնասիրությունը: Դա հնարավորություն է ընձեռում նորովի լուսաբանելու հայոց պատմության բազում դրվագներ, որոնք ցայժմ դիտարկվել են սոսկ առօրեական-նկարագրական կերպավորմամբ: Ասվածի լույսով ուրվագծվում է պատմության մի կայուն ալգորիթմ, որը ներկայացնում է Տուն Հայոցի կերպափոխությունները՝ սկսյալ տան և հայրենիքի նույնությունից (Հայկ և հայկյաններ) մինչև տան և Աստծո կամքի համադրելիության հեռանկարը (քրիստոնեական ըմբռնում):

Ուրույն դիտանկյուն է ներկայացնում արքայական ընտանիքը: Հիշենք, մինչ 4-րդ դարի արյունահեղ ընդհարումները վերջինս ընկալվում էր իբրև ընտանիքի ընդհանրական հարացույց, որի կարգաբերվածությամբ և բարոյական պատկերով շատ առումներով պայմանավորված էին Մեծ Հայքի անդորրը և բարեկեցությունը: Այս դրույթը հոդվածում ներկայացված է ականավոր գահակիրների օրինակով՝ Արտաշես Ա, Տրդատ Մեծ: Դիտարկված է նաև հակավիճակը, երբ արքայական ընտանիքում տիրող քաոսը հանգեցնում է Մեծ Հայքի թուլացմանն ու անկմանը: Այդ վիճակը դիտարկված է Արշակ Բ-ի ընտանիքի օրինակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով