Աննա Է. Հակոբյան
Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ բարձրագույն իրավական մտքի մարմնավորում
համարվող տեքստի լեզվական որոշ առանձնահատկությունների
քննությանը և դրանց համարժեքության խնդրին հայերենում և անգլերենում:
Հոդվածում առանցքային ուշադրություն է դարձվում Սահմանադրության տեքստի հիմքում ընկած այն լեզվական առանձնահատկությունների վերհանմանը, որոնք իրավամտածողության տեսանկյունից տիպական և չափանշային արժեք ունեցող նշույթավորված լեզվական միավորներ են, որոնց շնորհիվ Սահմանադրությունը լեզվական տեսանկյունից ընկալվում է ոչ թե որպես լոկ տեքստ, այլ հատուկ նպատակաուղղվածություն ունեցող և արժեքային մի ամբողջական համակարգ ներկայացնող փաստաթուղթ։
Հոդվածում փորձ է արվում վեր հանելու և պարզաբանելու օրենսդրական տեքստերին հատուկ եզրույթները, լատինական փոխառությունները, եղանակավորող բայերի հաճախակի կիրառությունը, որոնք ուսումնասիրվել են իմաստային համարժեքության տեսանկյունից հայերեն և անգլերեն համարժեք տեքստերում։ Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ հայերեն և անգլերեն օրենսդրական տեքստերը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստն ունեն բազմաթիվ լեզվական համընդհանրություններ և պայմանականություններ, ինչից կարելի է հետևություն անել, որ օրենսդրական տեքստեր թարգմանելիս պետք է մասնավորապես ուշադրություն դարձնել իմաստային ամբողջականությանը և տեղեկության ճշգրիտ փոխանցմանը, որոնք պայմանավորված են հատկապես նշույթավորված լեզվական միավորների հստակ և նպատակաուղղված կիրառմամբ թե՛ հայերենում և թե՛ անգլերենում: