Հոդվածում դիտարկվում է լեզվի, պատմության և մշակույթի փոխկապակցվածությունը՝ որպես հավաքական ինքնության հիմնական բաղադրիչներ։ Դրանք չեն գործում որպես առանձին ոլորտներ, այլ կազմում են հիշողության, խորհրդանշման և արժեքների ամբողջական համակարգ, որը հնարավորություն է տալիս ապահովել հանրույթի գոյության շարունակականությունը։ Երևութաբանական դիտանկյունից պատմությունը ցույց է տալիս հավաքական փորձառության ժամանակային խորքերը, լեզուն կազմակերպում և միջնորդում է մտքի ու հաղորդակցության գործընթացները, իսկ մշակույթը մարմնավորում է ավանդույթներն ու միաժամանակ ստեղծում նոր իմաստներ։ Հայկական փորձառությունը վկայում է, որ պատմական հիշողության կենսունակ շղթաները, լեզվի խորհրդանշական դաշտի ուժը և մշակութային արժեքների շարունակականությունը դիմադրության կարևոր աղբյուրներ են մոռացության, մասնատման և ձուլման դեմ։ Սակայն ներկա միջավայրում պատմության խեղաթյուրումը, լեզուների շուկայականացումը և մշակույթի մարգինալացումը սպառնում են ինքնության խորքային հիմքերին՝ այն վերածելով մակերեսային բազմազանության։
Հոդվածը ցույց է տալիս, որ գիտությունը պետք է դիմադրի այս գործընթացներին՝ որդեգրելով համադրական մեթոդաբանություն, որը միավորում է լեզվաբանականը, պատմականը և մշակութաբանականը։ Այս մոտեցումը ոչ միայն ճանաչողական, այլև էթիկական բնույթ ունի՝ դառնալով մոռացության, ստանդարտացման ու խեղաթյուրումների դեմ պայքարի ձև։ Այդպիսով, հումանիտար գիտությունը խաղում է գոյաբանական գործառույթ՝ դառնալով կանխարգելիչ և կառուցողական ուժ, որը ինքնության պահպանման և ապագայի համակեցության ապահովման առաքելություն ունի։