Ավետիք Իսահակյանի առաջին ժողովածուն՝ «Երգեր ու վէրքեր»-ը (1898), միանգամից ջերմ ընդունելություն գտավ ինչպես ընթերցող հանրության, այնպես էլ գրական շրջանակներում։ Գրաքննադատությունը հատկապես բարձր գնահատեց Իսահակյանի պոեզիայի ժողովրդական տարերքը, ազգային և համամարդկային հույզերի ինքնատիպ միահյուսումը։ Առաջին ժողովածուն դարձավ այն հիմնաքարը, որի վրա ձևավորվեցին Իսահակյանի ուրույն ոճն ու բանաստեղծական մտածողությունը, նրա քնարական հերոսի էական գծերը։
Ձգտելով հաղթահարել ռոմանտիկական պոեզիայի պաթետիկ ու դատողական հայրենասիրությունը՝ XIX դարավերջի հայ բանաստեղծությունը բացահայտ անցում ատարեց դեպի բուն ժողովրդական տարերքը, ազգային ոգին և մտածողությունը՝ բանաստեղծության զարգացումը տանելով նոր հունով։ Իսահակյանի «Երգեր ու վէրքեր»-ը այդ միտումի ակնհայտ դրսևորումներից էր։ Հայ ժողովրդական պոեզիայի տարերքն այդտեղ իր արտահայտությունը գտավ ոչ միայն մոտիվների, տրամադրությունների, բանաստեղծական պատկերների, այլև տաղաչափական ձևերի յուրացման և ընդօրինակման մեջ։
Իսահակյանի վաղ շրջանի պոեզիայի վրա մեծագույն ազդեցություն է թողել նաև Շիրակի ժողովրդական բանահյուսությունը, որին նա առնչվել էր դեռ մանկուց։ XIX դարի երկրորդ կեսին Շիրակի բանահյուսական նմուշների հավաքման և հրատարակման առաջին փորձերին Իսահակյանը նույնպես, անշուշտ, ծանոթ է եղել և ազդվել դրանցից։ Հոդվածում առաջին անգամ քննվում է Իսահակյանի առաջին ժողովածուի տաղաչափական ձևերի կապը ժողովրդական պոեզիայի հետ՝ կատարելով մի շարք գործերի զուգադրական համեմատություն։ Այսպես, հայտնի է, որ ժողովրդական երգերին ու խաղիկներին բնորոշ են հակիրճությունը, կարճ տողերն ու փոքր անդամները. Իսահակյանի առաջին ժողովածուում նույնպես գերակշռում են կարճ չափերը՝ 8 և 7-վանկանի տողերի զուգորդմամբ (բանաստեղծությունների գրեթե 70 տոկոսը)։ Այս չափը Իսահակյանի առաջին երկու տասնամյակների պոեզիայի նախընտրած ձևն էր և դարձավ երգչի յուրօրինակ այցեքարտը։