DOI: 10.57192/18291864-2026.1-100

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԻՆՏԵՐՏԵՔՍՏԻ ԴԻՍԿՈՒՐՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋՈՒՄԸ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՁԱԿՈՒՄ
(Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» ժողովածուի օրինակով)

Արդի հայ արձակում աստվածաշնչյան ինտերտեքստը՝ որպես արժեքային ճգնաժամի արտահայտության ձև և մշակութային հիշողության կրող, բավականին կենսունակ է և դրսևորվում է աստվածաշնչյան կերպարների և նարատիվների դեկոնստրուկցիայի միջոցով։ Գրականագիտական ուսումնասիրություններում աստվածաշնչյան ինտերտեքստի այս գործառույթը սերտորեն առնչվում է վախճանաբանական մտածողությանը՝ էսխատոլոգիային (անգլ. eschatology), քանի որ վերջինս հնարավորություն է տալիս անդրադառնալու ոչ միայն պատմության կամ աշխարհի վերջի գաղափարին, այլև իմաստային համակարգերի քայքայմանը, հավատքի ճգնաժամին և արժեհամակարգային փոփոխություններին։ Այդ իմաստով վախճանաբանությունը արդի գրականության մեջ դադարում է զուտ դոգմատիկ կամ աստվածաբանական հասկացություն լինելուց. այն վերածվում է տեքստային մետաֆորիկ գործիքի, որի միջոցով արտահայտվում են ժամանակակից աշխարհի և մարդու արժեհամակարգային փոփոխությունները։

Այս առումով ուշագրավ է Արփի Ոսկանյանի արձակը, որում աստվածաշնչյան ինտերտեքստը մշակութային նարատիվի կրողն է, որը ենթարկվում է քննության, խեղաթյուրման, երբեմն՝ ծաղրական վերարժևորման։ Աստվածաշունչը ոչ թե սրբազան հեղինակություն է, այլ կոլեկտիվ հիշողության կաղապար, որի միջոցով ցուցադրվում են ժամանակակից կյանքում առկա փոփոխություններն ու աղավաղումները։