Tag Archives: ազգամշակութային գիտակցություն

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Հոդվածում դիտարկվում է այն հարցադրումը, որ ազգային լեզուների ծագումը պայմանավորված է երեք էական գործոններով՝ բնությամբ կամ բնակլիմայական պայմաններով, որոնցում ապրել է տվյալ էթնոսը, մշակույթով և իմացությամբ: Այս համատեքստում դիտարկվում է աշխարհի լեզվական և հասկացութային պատկերների փոխկապակցվածությունն ու փոխպայմանավորվածությունը: Աշխարհի լեզվական պատկերը իրականության պատկերն է, տվյալ էթնիկ խմբի գիտակցությունը, որն արտացոլվում է լեզվի միջոցով, որի առանձին դրվագները դեռևս պահպանում են մարդկանց էմպիրիկ պատկերացումները աշխարհի ստեղծման մասին։ Աշխարհի պատկերը անընդհատ փոխվում է՝ արտացոլելով մարդկանց ճանաչողական և սոցիալական գործունեության արդյունքները։

Հոդվածում փորձ է արվում պատասխանել այն հարցին, թե ինչպես է մարդկանց մտքում ձևավորվում աշխարհի լեզվական պատկերը։ Բառը դիտարկվում է իր երկակի բնույթով, որը կախված է տվյալ լեզվի զարգացման պատմական ընթացքից, նրանով աշխարհի պատկերման ազգային և մշակութային առանձնահատկություններից։ Այն տարբերվում է լեզվից լեզու անցման իր հասկացողական միջուկով և լեզվական իմաստով։ Հասկացույթը ներառում է բազում բովանդակություններ՝ հասկացական, խոսքային, հուզական, մշակութային և այլն: Ահա թե ինչու լեզուները նույն հասկացության համար «նշանակում են» տարբեր բառեր, ուստի հասկացույթների միջլեզվական համադրությունը նպաստում է տարբեր ժողովուրդների հասկացական համակարգի բովանդակության մեջ ազգային և միջազգային բաղադրիչների ի հայտ գալուն: Աշխարհը «տեսնելն» ու «անվանելը» գտնվում են մտավորի և հոգևորի փոխհարաբերության ոլորտում։ Նման տեսական դիտարկումների համար հոդվածում քննվել են ժամանականիշ բառերը՝ հայերենի, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի հին ձևերում։