Tag Archives: ամպհովանի

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԾԻՍԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յուրահատուկ ծիսական ավանդությունն է։ Կաթողիկոսությունը լոկ հոգևոր բարձրագույն աստիճան կամ կոչում չէ, ինչպես մյուս եկեղեցիների առաջնորդների պարագայում։ Այն հայոց պետականության, մեր ազգի ու հայրենիքի համար կարևոր արժեք է և յուրահատուկ խորհրդանիշ է, որի գնահատումը, նվիրումը և հնազանդությունը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սրբազան պարտքն է։

Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը դարերի ընթացքում անցել է զարգացման տարբեր շրջափուլեր։ Սույն ծեսի ընթացակարգի մասին ամբողջական պատկերացում կարելի է կազմել XIV դարից սկսած, քանի որ ամենահին Կաթողիկոսական ձեռնադրության կանոններն արձանագրված են վերոհիշյալ դարի ձեռագիր «Մաշտոց» ծիսարաններում։ Ըստ այս և այլ աղբյուրների՝ կաթողիկոսական զգեստների և ծիսական պարագաների տվչության կարգում կան նմանություններ, տարբերություններ և առանձնահատկություններ։

Այսօր մեզ հասած հոգևոր-մշակութային արժեք ներկայացնող հոգևորականի զգեստը և ծիսական պարագաներն ունեն իրենց նշանակությունն ու խորհուրդը։ Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի առանձնահատուկ զգեստավորում և ծիսական պարագաներ, որոնցով առանձնանում է Կաթողիկոսի կերպարը, դերը եկեղեցու մեջ, ծիսական և ազգային կյանքում։ Կաթողիկոսների ծիսական զգեստները, ծիսական պարագաները հայ հոգևոր, ազգային մշակութային ժառանգությունն են կազմում և անքակտելի միությամբ ամրապնդում մեր ինքնությունն ու ազգային արժեհամակարգը։