Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը դարերի ընթացքում անցել է զարգացման տարբեր շրջափուլեր։ Սույն ծեսի ընթացակարգի մասին ամբողջական պատկերացում կարելի է կազմել XIV դարից սկսած, քանի որ ամենահին Կաթողիկոսական ձեռնադրության կանոններն արձանագրված են վերոհիշյալ դարի ձեռագիր «Մաշտոց» ծիսարաններում։ Ըստ այս և այլ աղբյուրների՝ կաթողիկոսական զգեստների և ծիսական պարագաների տվչության կարգում կան նմանություններ, տարբերություններ և առանձնահատկություններ։
Այսօր մեզ հասած հոգևոր-մշակութային արժեք ներկայացնող հոգևորականի զգեստը և ծիսական պարագաներն ունեն իրենց նշանակությունն ու խորհուրդը։ Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի առանձնահատուկ զգեստավորում և ծիսական պարագաներ, որոնցով առանձնանում է Կաթողիկոսի կերպարը, դերը եկեղեցու մեջ, ծիսական և ազգային կյանքում։ Կաթողիկոսների ծիսական զգեստները, ծիսական պարագաները հայ հոգևոր, ազգային մշակութային ժառանգությունն են կազմում և անքակտելի միությամբ ամրապնդում մեր ինքնությունն ու ազգային արժեհամակարգը։