Tag Archives: բանահյուսական մշակում

ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում եվ բանահյուսական մշակումներում

Այս վերլուծությունը նպատակ ունի կանխասացության փիլիսոփայության ընկալումների համատեքստում քննել երազի տեսական հարցադրումները հայ անվանի հեղինակ Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում և բանահյուսական մշակումներում: Դրանք անմիջականորեն կապված են նաև մարդու տարբեր հոգեբանական գործառույթների հետ: Տրվել են նաև կանխասացության ծիսակարգային դրսևորումները, երազ-հնարք, միջնորդ ձայն, հեռազգայական կապ, երազ-ներազդեցություն-հեղինակ-արարում հասկացությունների սահմանումները: Ուսումնասիրության մեջ ընդգրկված «Երկու քույր» վեպի և բանահյուսական մշակումների վերլուծության ընթացքում երազը դիտարկվել է որպես փիլիսոփայական մեկնակետ: Կիրառվել են կառուցվածքային, հերմենևտիկական, միֆաքննադատական, պատմահամեմատական մեթոդները։ Ուսումնասիրությունը միջգիտակարգային է: Նյութը վերլուծվել է փիլիսոփայության, գրականագիտության և հոգեբանության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում: Ուսումնասիրությունը չունի նախադեպ:

Աղայանի ստեղծագործության ընտրությունը պատահական չէ, քանի որ նրա ժառանգությունը առանձնանում է հեղինակային և գեղարվեստական հնարքներով, իրապատում և հրաշապատում այլաբանական պատկերներով: Աղայանը հաճախ իր երկերը հագեցնում է տարատեսակ երազային այլաբանություններով և հնարքներով՝ այդպիսով՝ մի կողմից սրելով ընթերցողի հետաքրքրությունը, դիպաշարին հաղորդելով խորհրդավորություն և տալով ապագա զարգացումների մասին տեղեկություններ, մյուս կողմից՝ բացելով երազային աշխարհի դռները: Այդ հնարքը հնարավորություն է տալիս հերոսներին առանց կաշկանդումների շարժվել տարածաժամանակային սահմաններից դուրս մի աշխարհում, որտեղ կյանքը չի հետևում որևէ սահմանված օրենքի։

Երազների աշխարհը բազմաշերտ համակարգ է, որը միաժամանակ տեղեկատվության անսպառ աղբյուր է երազը տեսնողի մասին, հետևաբար լիարժեք քննության և մեկնաբանության դեպքում hնարավոր է բացահայտել և ամբողջացնել դրա ոչ միայն փիլիսոփայական ընկալումները, այլև հոգեբանական նկարագիրը:

Աղայանի գեղարվեստական երկերը թույլ են տալիս խորքային պատկերացում կազմել նաև գեղարվեստական տեքստի շրջանակում իրականի և երևակայականի սահմանների դրսևորումների վերաբերյալ։

Քննելով երազատեսության փիլիսոփայական և հոգեբանական ընկալումները և դրսևորումները Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում և բանահյուսական մշակումներում՝ հանգում ենք այն եզրակացության, որ թե՛ երկում, և թե՛ հեքիաթների սյուժեներում գլխավոր կերպարների գործողությունները հաճախ ուղեկցվում են կանխասացական և ապագան գուշակող իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդող երազներով: Դրանք հերոսներին օգնում են կողմնորոշվել իրական կյանքում, ընդունել ճիշտ և նպատակահարմար որոշումներ, ձեռք բերել որևէ հրաշագործ կենդանի կամ իր, նախապես իմանալ երազում հայտնված հարսնացուի կամ փեսացուի անունը և նրա գտնվելու վայրը, օգնում են հերոսին նաև մի իրականությունից անցնել մեկ այլ իրականություն և կապ հաստատել այլաշխարհային խորհրդատուների հետ։ Վերոհիշյալ երկերի քննությունը ցույց տվեց նաև, որ երազը ոչ միշտ է ունենում կանխասացական-կանխագուշակող, հեռազգայական կամ հանդերձյալ աշխարհի հետ կապ հաստատող բնույթ․ այն պատկերների և մտքերի տեսքով կարող է արտացոլել հերոսների անգիտակցականում թաքնված մտքերը, գաղափարները և հույզերը:

Աղայանի գեղարվեստական «Երկու քույր» վեպի և բանահյուսական մշակումների քննությունը ցույց է տալիս նաև, որ երազը, լինելով իրական և երևակայական աշխարհների միջանցիկ սահման, սոսկ ֆիզիոլոգիական վիճակ չէ, որում մարդը հայտնվում է ամեն գիշեր: Այն միևնույն ժամանակ դիպաշարային կանխասացական հնարք է, որը որպես գեղարվեստական արտահայտչամիջոց, երկի սյուժեն պատում է խորհրդավորությամբ՝ նախապատրաստելով ընթերցողին երկի սյուժետային հետագա զարգացումներին:

Երազի հնարքը հնարավորություն է ընձեռում նաև ընթերցող-հետազոտողին խորապես պատկերացնելու կերպարների անհատականությունները և ներաշխարհները, ինչպես նաև՝ նորովի մեկնաբանելու երազի արտացոլումները ժողովրդական պատկերացումներում և հայկական մշակույթում: