Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում եվ բանահյուսական մշակումներում
Աղայանի ստեղծագործության ընտրությունը պատահական չէ, քանի որ նրա ժառանգությունը առանձնանում է հեղինակային և գեղարվեստական հնարքներով, իրապատում և հրաշապատում այլաբանական պատկերներով: Աղայանը հաճախ իր երկերը հագեցնում է տարատեսակ երազային այլաբանություններով և հնարքներով՝ այդպիսով՝ մի կողմից սրելով ընթերցողի հետաքրքրությունը, դիպաշարին հաղորդելով խորհրդավորություն և տալով ապագա զարգացումների մասին տեղեկություններ, մյուս կողմից՝ բացելով երազային աշխարհի դռները: Այդ հնարքը հնարավորություն է տալիս հերոսներին առանց կաշկանդումների շարժվել տարածաժամանակային սահմաններից դուրս մի աշխարհում, որտեղ կյանքը չի հետևում որևէ սահմանված օրենքի։
Երազների աշխարհը բազմաշերտ համակարգ է, որը միաժամանակ տեղեկատվության անսպառ աղբյուր է երազը տեսնողի մասին, հետևաբար լիարժեք քննության և մեկնաբանության դեպքում hնարավոր է բացահայտել և ամբողջացնել դրա ոչ միայն փիլիսոփայական ընկալումները, այլև հոգեբանական նկարագիրը:
Աղայանի գեղարվեստական երկերը թույլ են տալիս խորքային պատկերացում կազմել նաև գեղարվեստական տեքստի շրջանակում իրականի և երևակայականի սահմանների դրսևորումների վերաբերյալ։
Քննելով երազատեսության փիլիսոփայական և հոգեբանական ընկալումները և դրսևորումները Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում և բանահյուսական մշակումներում՝ հանգում ենք այն եզրակացության, որ թե՛ երկում, և թե՛ հեքիաթների սյուժեներում գլխավոր կերպարների գործողությունները հաճախ ուղեկցվում են կանխասացական և ապագան գուշակող իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդող երազներով: Դրանք հերոսներին օգնում են կողմնորոշվել իրական կյանքում, ընդունել ճիշտ և նպատակահարմար որոշումներ, ձեռք բերել որևէ հրաշագործ կենդանի կամ իր, նախապես իմանալ երազում հայտնված հարսնացուի կամ փեսացուի անունը և նրա գտնվելու վայրը, օգնում են հերոսին նաև մի իրականությունից անցնել մեկ այլ իրականություն և կապ հաստատել այլաշխարհային խորհրդատուների հետ։ Վերոհիշյալ երկերի քննությունը ցույց տվեց նաև, որ երազը ոչ միշտ է ունենում կանխասացական-կանխագուշակող, հեռազգայական կամ հանդերձյալ աշխարհի հետ կապ հաստատող բնույթ․ այն պատկերների և մտքերի տեսքով կարող է արտացոլել հերոսների անգիտակցականում թաքնված մտքերը, գաղափարները և հույզերը:
Աղայանի գեղարվեստական «Երկու քույր» վեպի և բանահյուսական մշակումների քննությունը ցույց է տալիս նաև, որ երազը, լինելով իրական և երևակայական աշխարհների միջանցիկ սահման, սոսկ ֆիզիոլոգիական վիճակ չէ, որում մարդը հայտնվում է ամեն գիշեր: Այն միևնույն ժամանակ դիպաշարային կանխասացական հնարք է, որը որպես գեղարվեստական արտահայտչամիջոց, երկի սյուժեն պատում է խորհրդավորությամբ՝ նախապատրաստելով ընթերցողին երկի սյուժետային հետագա զարգացումներին:
Երազի հնարքը հնարավորություն է ընձեռում նաև ընթերցող-հետազոտողին խորապես պատկերացնելու կերպարների անհատականությունները և ներաշխարհները, ինչպես նաև՝ նորովի մեկնաբանելու երազի արտացոլումները ժողովրդական պատկերացումներում և հայկական մշակույթում: