Tag Archives: Բաքու

ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (1988-1990)

Կանանց իրավունքների պաշտպանությունը լուրջ մարտահրավեր է առաջադեմ մարդկության համար, քանի որ կանայք հասարակության ամենախոցելի անդամներից են ու անհամաչափորեն թիրախավորվում են հակամարտությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակ: Վերջին տասնամյակներում կրկին ականատես ենք եղել մարդկության դեմ հանցագործությունների, որոնք հատկապես թիրախավորել են կանանց: Այս հոդվածի շրջանակներում քննարկվում է 1988-1990 թվականներին Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ) և Բաքու քաղաքներում հայերի կոտորածների ժամանակ կանանց նկատմամբ կիրառված սպանությունների, բռնության ու նվաստացումների հարցը: Այդ հանցագործությունները դեռևս բավարար չափով չեն ուսումնասիրվել, մասնավորապես՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն հանցագործությունների դասակարգման տեսանկյունից: Ավելին, զգալի բաց կա նաև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունների ուսումնասիրության խնդրի շուրջ: Հոդվածի նպատակն է վերապրածների վկայությունների, իրավական փաստաթղթերի, զեկույցների վերլուծության միջոցով ներկայացնել ավելի խորը ուսումնասիրություն հայ կանանց նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նշված կոտորածների ընթացքում հայ զոհերի գրեթե կեսը կանայք էին, որոնք ընդգրկում էին տարբեր տարիքային խմբեր՝ դեռահաս աղջիկներից մինչև 80-90 տարեկան տարեց կանայք: Հայ կանայք ոչ միայն սպանվել կամ վիրավորվել են, այլև շատերը ենթարկվել են սարսափելի բռնության, այդ թվում՝ խոշտանգումների, բռնաբարության, հրապարակային նվաստացման և այլ գործողությունների, որոնք նպատակ ունեին նսեմացնել նրանց արժանապատվությունը: Հոդվածի նպատակն է առկա փաստական նյութի հիման վրա որոշակիորեն դասակարգել հայ կանանց նկատմամբ իրագործված բռնությունները, դրանք դիտարկել էթնիկ հակամարտության համատեքստում որպես գենդերային բռնության ձև՝ նպաստելով պատմության այս ողբերգական էջի ավելի ամբողջական քննությանը: