Tag Archives: Ադրբեջան

DOI: 10.57192/18291864-2026.1-274

ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Թաթար այլախոհ Սաբիրզեան Բադրետդինի ուշագրաւ դատողութիւնների լոյսի ներքոյ

Սոյն յօդուածը նպատակ ունի վերհանելու յետխորհրդային երկրներում պանթիւրքիզմի գաղափարախօսութեան ու քաղաքական շարժման ծաւալման արդի միտումները՝ նրա ինքնատիպ ներկայացուցիչներից մէկի՝ Սաբիրզեան Բադրետդինի (Sabirzyan Badretdin, Sabirjan Badretdinov) հրապարակումների ուսումնասիրութեան միջոցով։

Նրա հրապարակումները բացայայտում են 21-րդ դարում յետ-խորհրդային երկրներում տարածուող պանթիւրքական գաղափարների տեսական հիմնաւորումներն ու նոր մօտեցումներով հին նպատակներին հասնելու քողարկուած մարտավարութիւնները։ «Ազատութիւն» ռադիոկայանում երկար տարիներ Սաբիրզեան Բադրետդինի զբաղեցրած պաշտօնը նրան լայն հնարաւորութիւններ է ընձեռել պանթիւրքական գաղափարների տարածման համար։

Ներկայ հրապարակումը Սաբիրզեան Բադրետդինի գաղափարների ամբողջական ուսումնասիրութեան փորձ է, որի հիմքը մամուլում հրատարակուած նրա մի քանի այլ յօդուածներն են։

DOI: 10.57192/18291864-2026.1-289

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ 2025 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2020 թ. 44-օրյա Արցախյան պատերազմի և հատկապես 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով Արցախի ամբողջական հայաթափումից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը արմատապես փոխվեց: Նոր իրողության պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ սկսվեցին բանակցություններ, որոնց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ամփոփվեցին 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի վկայությամբ նախաստորագրված փաստաթղթում:

Սույն հոդվածում հանգամանորեն վերլուծվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին փոխըմբռնման հուշագիրը: Քննության են ենթարկվում նաև Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացած բանակցությունները, միմյանց ներկայացրած առաջարկների փաթեթները:

Հոդվածի նպատակն է նշված փաստաթղթերի բովանդակային վերլուծության միջոցով ցույց տալ դրանց, ինչպես նաև ԹՐԻՓՓ նախագծի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման ու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու գործում:

ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (1988-1990)

Կանանց իրավունքների պաշտպանությունը լուրջ մարտահրավեր է առաջադեմ մարդկության համար, քանի որ կանայք հասարակության ամենախոցելի անդամներից են ու անհամաչափորեն թիրախավորվում են հակամարտությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակ: Վերջին տասնամյակներում կրկին ականատես ենք եղել մարդկության դեմ հանցագործությունների, որոնք հատկապես թիրախավորել են կանանց: Այս հոդվածի շրջանակներում քննարկվում է 1988-1990 թվականներին Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ) և Բաքու քաղաքներում հայերի կոտորածների ժամանակ կանանց նկատմամբ կիրառված սպանությունների, բռնության ու նվաստացումների հարցը: Այդ հանցագործությունները դեռևս բավարար չափով չեն ուսումնասիրվել, մասնավորապես՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն հանցագործությունների դասակարգման տեսանկյունից: Ավելին, զգալի բաց կա նաև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունների ուսումնասիրության խնդրի շուրջ: Հոդվածի նպատակն է վերապրածների վկայությունների, իրավական փաստաթղթերի, զեկույցների վերլուծության միջոցով ներկայացնել ավելի խորը ուսումնասիրություն հայ կանանց նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նշված կոտորածների ընթացքում հայ զոհերի գրեթե կեսը կանայք էին, որոնք ընդգրկում էին տարբեր տարիքային խմբեր՝ դեռահաս աղջիկներից մինչև 80-90 տարեկան տարեց կանայք: Հայ կանայք ոչ միայն սպանվել կամ վիրավորվել են, այլև շատերը ենթարկվել են սարսափելի բռնության, այդ թվում՝ խոշտանգումների, բռնաբարության, հրապարակային նվաստացման և այլ գործողությունների, որոնք նպատակ ունեին նսեմացնել նրանց արժանապատվությունը: Հոդվածի նպատակն է առկա փաստական նյութի հիման վրա որոշակիորեն դասակարգել հայ կանանց նկատմամբ իրագործված բռնությունները, դրանք դիտարկել էթնիկ հակամարտության համատեքստում որպես գենդերային բռնության ձև՝ նպաստելով պատմության այս ողբերգական էջի ավելի ամբողջական քննությանը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Արդի հայագիտությունը 2024 թվականին արգասավորվեց գերմանալեզու մի արժեքավոր աշխատությամբ, որի համահեղինակներն են վաստակաշատ հայագետներ գերմանացի պրոֆ․ Թեսսա Հոֆմանը և նորվեգացի դր․ Վինֆրիդ Կ․ Դալմանը։ «Հայաստանի աշխարհաքաղաքական ճակատագիրը․ անցյալ և ներկա» վերնագրով ստվարածավալ աշխատությունն ինքնատիպ և խիստ արժեքավոր է մի շարք տեսանկյուններից։ Նախ՝ դրանում ներկայացված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը, ընդ որում՝ գիտական լուսաբանում են ստանում տարբեր դարաշրջանների վերաբերող այն հարցերը, որոնց շուրջ օտար ուսումնասիրողների տեսակետները միշտ չէ, որ անկողմնակալ են եղել։ Երկրորդ՝ աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից և 18 գլուխներից. առաջին բաժնի տասը գլուխներում ներկայացված է հայոց հազարամյակների պատմությունը ընդհուպ մինչև Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը, իսկ երկրորդում ութ գլուխներով լուսաբանվում են դրան հաջորդած մոտ երեսունհինգ տարվա իրադարձությունները։ Դա ինքնին փաստում է, թե հեղինակների համար որպիսի կարևոր առաջնահերթություն է եղել հաղթանակներով և պարտություններով, նաև չլուծված խնդիրների առատությամբ բնորոշվող նորագույն շրջանի հետազոտությունը, որի առանցքը կազմում են Արցախյան հակամարտությունն ու դրա համատեքստում ծավալվող իրադարձությունները։ Գրքի կարևոր արժանիքն է նաև այն հանգամանքը, որ շարադրանքը ծայրից ծայր «քարտեզագրված» է։ Այլ կերպ ասած՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը ներկայացնելիս պատկերված են նաև համապատասխան քարտեզներ, որոնցով նյութի մատուցումն ավելի առարկայական, իսկ հեղինակային եզրակացութուններն ու ընդհանրացումներն՝ անառարկելի են դառնում։

Աշխատությունը, որում բազմակողմանիորեն լուսաբանվում են ոչ միայն Հայաստանի և արցախյան հակամարտության, այլև հայկական սփյուռքի պատմությունը, մի յուրօրինակ հանրագիտարան է կամ դասագիրք նրանց համար, ովքեր կցանկանան խոր և ամբողջական գիտելիքներ ձեռք բերել ինչպես այդ հարցերի, այնպես էլ դրանց համատեքստում տեղի ունեցած տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների վերաբերյալ։