Tag Archives: կայսրություն

ՈՒ՞Մ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԳՐՈՒՄ․
ազգայնականության և կայսրության միջև

Հոդվածում դիտարկվում է «պատմություն», «ազգայնականություն» և «կայսրություն» հասկացութունների փոխհարաբերությունը: Ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ի՞նչ պայմաններում և ի՞նչ սահմաններով է հնարավոր շարադրել «սեփական» պատմությունը։ Ելակետ ընդունելով այն գաղափարը, որ պատմությունը չեզոք կամ ինքնաբուխ իրողություն չէ, հոդվածում փաստարկվում է, որ ազգային պատմագրությունը ձևավորվում է ոչ միայն ինքնության ներքին պահանջից, այլև կայսերական և արդիական դաշտերի հետ շփումից։ Ազգայնականությունը մեկնաբանվում է ոչ թե որպես ազգայինի և քաղաքականի բնական համընկնում, այլ այդ համընկնման անհնարինության արտահայտություն, որտեղ ազգային ինքնությունը միաժամանակ և՛ դիմադրում է կայսրությանը, և՛ յուրացնում նրա հայացքն ու մեթոդները։ Հայոց պատմական փորձառության օրինակով հոդվածում վերլուծվում է, թե ինչպես է ազգային ինքնաընկալումը ձևավորվել կայսերական բազմաշերտ միջավայրում՝ կրոնական, համայնքային և իրավական պատկանելությունների խաչմերուկում, և ինչպես է 19-րդ դարում՝ արդիականացման համատեքստում, առաջացել ազգայինը սահմանելու հրամայականը։ Հետգաղութատիրության տեսության ներգրավմամբ բացահայտվում է, որ ազգային ինքնապատումը երբեք ամբողջությամբ չի ազատվում կայսերական ժառանգությունից, իսկ հետգաղութատիրական իրականությունը ոչ թե առաջարկում է վերջնական ինքնություն, այլ մատնանշում է դրա ճեղքերը, լռությունները և հակասությունները։ Վերլուծելով «ժողովրդական պատմության» և «ազգային ազատագրական պայքարի» սկզբունքները՝ հոդվածում ցույց է տրվում դրանց մեթոդաբանական սահմանափակումները, հատկապես այն հանգամանքը, որ քաղաքական սուբյեկտայնությունն ու ազատագրական պայքարի բնույթը հաճախ կախված են
արտաքին ճանաչումից։ Եզրակացվում է, որ ամբողջապես ինքնավար
պատմություն գրելու հավակնությունն առավելապես կողմնորոշիչ հորիզոն է, քան իրագործելի ծրագիր, իսկ պատմագրության հիմնական խնդիրը ոչ թե միասնական ազգային սյուժե կառուցելն է, այլ լռեցված փորձառությունների բացահայտումը և պատմական մտածողության ազատության պահպանումը՝ որպես քաղաքական գոյության նախապայման։