Tag Archives: արդիականացում

ՈՒ՞Մ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԳՐՈՒՄ․
ազգայնականության և կայսրության միջև

Հոդվածում դիտարկվում է «պատմություն», «ազգայնականություն» և «կայսրություն» հասկացութունների փոխհարաբերությունը: Ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ի՞նչ պայմաններում և ի՞նչ սահմաններով է հնարավոր շարադրել «սեփական» պատմությունը։ Ելակետ ընդունելով այն գաղափարը, որ պատմությունը չեզոք կամ ինքնաբուխ իրողություն չէ, հոդվածում փաստարկվում է, որ ազգային պատմագրությունը ձևավորվում է ոչ միայն ինքնության ներքին պահանջից, այլև կայսերական և արդիական դաշտերի հետ շփումից։ Ազգայնականությունը մեկնաբանվում է ոչ թե որպես ազգայինի և քաղաքականի բնական համընկնում, այլ այդ համընկնման անհնարինության արտահայտություն, որտեղ ազգային ինքնությունը միաժամանակ և՛ դիմադրում է կայսրությանը, և՛ յուրացնում նրա հայացքն ու մեթոդները։ Հայոց պատմական փորձառության օրինակով հոդվածում վերլուծվում է, թե ինչպես է ազգային ինքնաընկալումը ձևավորվել կայսերական բազմաշերտ միջավայրում՝ կրոնական, համայնքային և իրավական պատկանելությունների խաչմերուկում, և ինչպես է 19-րդ դարում՝ արդիականացման համատեքստում, առաջացել ազգայինը սահմանելու հրամայականը։ Հետգաղութատիրության տեսության ներգրավմամբ բացահայտվում է, որ ազգային ինքնապատումը երբեք ամբողջությամբ չի ազատվում կայսերական ժառանգությունից, իսկ հետգաղութատիրական իրականությունը ոչ թե առաջարկում է վերջնական ինքնություն, այլ մատնանշում է դրա ճեղքերը, լռությունները և հակասությունները։ Վերլուծելով «ժողովրդական պատմության» և «ազգային ազատագրական պայքարի» սկզբունքները՝ հոդվածում ցույց է տրվում դրանց մեթոդաբանական սահմանափակումները, հատկապես այն հանգամանքը, որ քաղաքական սուբյեկտայնությունն ու ազատագրական պայքարի բնույթը հաճախ կախված են
արտաքին ճանաչումից։ Եզրակացվում է, որ ամբողջապես ինքնավար
պատմություն գրելու հավակնությունն առավելապես կողմնորոշիչ հորիզոն է, քան իրագործելի ծրագիր, իսկ պատմագրության հիմնական խնդիրը ոչ թե միասնական ազգային սյուժե կառուցելն է, այլ լռեցված փորձառությունների բացահայտումը և պատմական մտածողության ազատության պահպանումը՝ որպես քաղաքական գոյության նախապայման։

ԴԵԼԻԲԵՐԱՏԻՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆ

Նոր աշխարհակարգի հաստատմամբ անհրաժեշտություն է առաջանում վերանայելու հանրային քաղաքականության ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ կանխարգելելու ժամանակակից քաղաքական տուրբուլենտության մարտահրավերներն ու անորոշությունները։ Ժամանակակից քաղաքական զարգացման (բաշխման, շարժունակության, մասնակցության, ինքնության, լեգիտիմության) ճգնաժամերով պայմանավորված անորոշությունների խաղային և ցանցային բնույթը թելադրում է ուսումնասիրել դելիբերատիվ հաղորդակցության դերը՝ որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման որակի բարձրացման միջոց։ Սա Հայաստանում դելիբերատիվ և մասնակցային ժողովրդավարության զուգամիտման անհրաժեշտությունը որպես պետական իշխանություն/կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության ապահովման, ինչպես նաև ռազմավարական մտածողությամբ պատասխանատու գործունեության միջոց ներկայացնելու հիմք է:

Ավելին, Հայաստանի Հանրապետությունում նման մոտեցման արդյունքում պոլիարխիկ էլիտայի և քաղաքացու ինստիտուտի զարգացման պայման է ներքին և արտաքին տուրբուլենտ մարտահրավերների կանխարգելումը՝ քաղաքական համակարգի էվոլյուցիոն արդիականացման մեխանիզմների մշակմամբ։ Սա թույլ կտա հրաժարվելու ժողովրդավարական անցումային գործընթացում մարգինալ պոպուլիստական մասնակցություն ենթադրող հեղափոխական մեխանիզմներից և շեշտադրելու «անցումից համախմբում» գործընթացը՝ էվոլյուցիոն արդիականացման ռազմավարական նպատակադրմամբ։

Հիմնական նպատակն է Հայաստանում դելիբերատիվ և մասնակցային ժողովրդավարության իրական զուգամիտման միջոցով հանրային շահը դիտարկել որպես պոլիարխիկ էլիտայի գործունեության հիմք և նվազեցնել ՏՀ (տեղեկատվական-հաղորդակցական) մանիպուլյացիաները։ Միևնույն ժամանակ, հանրային գիտակցության մեջ մարգինալացումն ու օտարումը կանխարգելելու համար հիմնավորվել է ժողովրդավարական քաղաքական և քաղաքացիական մշակույթների միջոցով քաղաքացիների կայուն սոցիալականացման անհրաժեշտությունը։ Հետազոտության տեսական և գործնական նշանակությունը քաղաքական համակարգի էվոլյուցիոն արդիականացման լուսաբանումն է՝ դելիբերատիվ հաղորդակցությունը որպես հանրային քաղաքականության ժողովրդավարացման պայման հիմնավորմամբ։

Հետազոտության մեջ կատարված ընդհանրացումները կարող են ներառվել Հայաստանում «անցումից համախմբում» ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերում և պետական կառավարում-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների ապահովման ռազմավարական քաղաքականության մշակման մեջ։

Հետազոտության արդյունքները կարող են նպաստել ՀՀ պետական իշխանությունների և քաղաքացիական հասարակության կառույցների հարաբերությունների օպտիմալացմանը։