Tag Archives: հենապատ

ԴԱՐԱՎԱՆԴԱՅԻՆ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ
(ազգագրական ուսումնասիրություն)

Հայկական լեռնաշխարհի ու հայերով բնակեցված հարակից տարածքների ռելիեֆային առանձնահատկություններից, ջրային պաշարների օգտագործման հնարավորություններից և պատմաքաղաքական իրավիճակից ելնելով` հայ ժողովուրդը, բացի հարթավայրերից, դարեր շարունակ յուրացրել ու օգտագործել է լեռնալանջերը՝ ստեղծելով տարատեսակ երկրագործական դարավանդներ, ինչպես նաև սանդղակաձև կառուցապատմամբ բնակավայրեր։ Դարավանդային այգիներ հիմնելու գլխավոր պատճառը լանջային տարածքները արդյունավետ օգտագործելու ցանկությունն էր։ Առանց դարավանդների անհնարին է հողի մշակվող շերտը պահպանել լանջերի վրա։

Ներկա հոդվածը Հայաստանի պատմաազգագրական տարբեր շրջաններին վերաբերող աշխատություններում առկա տեղեկությունների, դաշտային ազգագրական նյութերի և սեփական դիտարկումների հիման վրա վերակազմել է դարավանդային այգեգործության ամփոփ նկարագիրը։ Հետազոտության իրականցման համար օգտագործվել է աշխարհագրական տեղեկատվական համակարգը (Geographic Information System), որը հնարավորություն է տալիս արբանյակային որոնման միջոցով արձանագրել երկրագործական դարավանդները և ստեղծել նրանց քարտեզները՝ ճշգրտորեն տեղայնացնելով ռելիեֆային հիմքի վրա։