Սակայն թե՛ նախկին ե և թե՛ նախկին ի խոնարհումների բայերը հրամայականը կազմում են նույն կերպ՝ եզակիում ստանալով -է, իսկ հոգնակիում՝ -եցէք վերջավորություն։ Ինչ վերաբերում է եզակի հրամայականի -իըր (< -իր) վերջավորությանը, այն չի հանդիպում նախկին ի խոնարհման պարզ բայերի դեպքում (դարձյալ հակառակ Հ․ Աճառյանի նկարագրության)․ Առտիալի բարբառում միայն նախկին ե և ի խոնարհումների ածանցավոր բայերը, ինչպես նաև ա խոնարհման բայերն առհասարակ եզակի հրամայականում հանդես են բերում -իըր վերջավորություն։