Tag Archives: հրապարակախոս

ԽՈՀԵՐ ԿԱՐՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԱՄԵՆԱՂԵԿԱՎԱՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ԶԷՅԹԼԵԱՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բեյրութի «Վահէ Սեթեան» հրատարակչությունը լույս է ընծայել XX դարի երկրորդ կեսի ականավոր ազգային -քաղաքական գործիչ, ՀՅԴ գաղափարախոս և հրապարակագիր Սարգիս Զեյթլյանի (1930-1985 թթ.) կյանքի ու գործունեության համակողմանի քննությանը նվիրված պատմաբան Կարո Հովհաննիսյանի մենագրությունը:

Սա հեղինակի աշխատության Ա հատորն է, որն ընդգրկում է Ս. Զեյթլյանի կյանքի ու գործունեության մինչև 1966 թ. պատմաշրջանը, ուստի ծրագրված է սույն աշխատության Բ հատորյակի տպագրությունը, որը բովանդակելու է 1966-ից մինչև նրա մահը (1985 թ.) գործունեության ամբողջական համայնապատկերը (Յովհաննէսեան, 2025, 11):

Ներկա հրապարակման մեջ ներկայացրել ենք Կ. Հովհաննիսյանի
վերլուծություններն ու գնահատականները Ս. Զեյթլյանի հարուստ կյանքի ու բեղուն գործունեության վերաբերյալ։ Ըստ անհրաժեշտության բերելու ենք նաև մեր դիտարկումներն ու պարզաբանումները:

Վերոնշյալներից հիմնականն այն է, որ ՀՅԴ գաղափարաբանութան մայր երակից սնված Սարգիս Զեյթլյանը 20-րդ դարի երկրորդ կեսի սկզբունքորեն նոր պայմաններում ամբողջացրեց ու ընդարձակեց Հայ Դատի ռազմավարական առաջադրանքների շրջանակը՝ նրանում ներառելով հայկական անկախ պետականության վերականգնման գաղափարի նյութականացման խնդիրը, ուստիև դարձավ հայ ազգային գաղափարախոսության ամենաակնառու կրողն ու արմատավորողը սփյուռքյան պայմաններում:

Ընթերցողների դատին հանձնված մենագրությունն իր տեսակի մեջ առաջինն է՝ նվիրված մեծ հայրենասեր ու ականավոր տեսաբան Ս.Զեյթլյանի կյանքին ու գործին: Ցավոք, նա ապրեց ընդամենը 55 տարի, բայց այդ ընթացքում հասցրեց խորը հետք թողնել հայ քաղաքական մտքի պատմության մեջ: Կարելի է կռահել, որ աշխատությունը նվիրված է սփյուռքյան մեծ մտավորականի ու գործչի նահատակության 40-ամյա տարելիցին: Ուստի այն կոչված է վերականգնելով ամբողջական ճշմարտութունը՝ Սարգիս Զեյթլյանի երբեք չխամրող գաղափարների ներկայացման միջոցով ամրապնդելու Սփյուռք-Հայաստան մտավոր, հասարակական-քաղաքական և հոգևոր կապերը: