Tag Archives: նահապետական ընտանիք

ԿՆՈՋ ԴԵՐԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոդվածում դիտարկվում են 19-րդ դարի արևելահայ գեղարվեստական գրականության մեջ կնոջ հասարակական դերի ըմբռնման և վերաիմաստավորման հարցերը։ Հոդվածը ներկայացնում է, որ հայ նահապետական գերդաստանը՝ որպես փակ համակարգ, հենված էր օջախի պաշտամունքի, հայրական բացարձակ իշխանության և ընտանեկան-համայնական արժեքների վրա։ Այս համակարգում կինը, թեև ճնշված և իրավազուրկ, համարվում էր օջախի սրբազան պահապանը և ընտանիքի բարոյական հիմքերի կրողը։ Կանանց դաստիարակությունը նպատակաուղղված էր բացառապես ամուսնական կյանքին և տնային պարտականություններին պատրաստելուն՝ ամրապնդելով նրանց ենթակա, բայց էական դերը ընտանիքի պատվի և շարունակության ապահովման գործում։

Ղազարոս Աղայանի, Պերճ Պռոշյանի, Լեոյի և Րաֆֆու գեղարվեստական ստեղծագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչպես են կանայք ներքինացրել նահապետական նորմերը վախի, հնազանդության և ծիսական փորձառությունների միջոցով։ «Մեծ մայրը» (մեծ նան, տանտիրուհի) երկար տարիների ճնշվածության գնով ձեռք բերած դիրքն ու իշխանությունը սկսում է նույն կերպ կիրառել երիտասարդ հարսների նկատմամբ։ Եվ այդպես սերնդեսերունդ շարունակվում են ճնշվածի և ճնշողի փոխատեղությունները։

Այնուամենայնիվ, 19-րդ դարի երկրորդ կեսին լուսավորական գաղափարների և նոր սոցիալ-տնտեսական կարգերի ներթափանցումը նպաստում են գերդաստանային համակարգի քայքայմանը։ Անհատական ցանկություններն ու իրավունքները մարտահրավեր են նետում նահապետական ընտանեկան կառույցին։ Հետազոտությունը բացահայտում է հայրիշխանական ընտանիքի քայքայման հիմնական պատճառները։ Չնայած արտաքին սոցիալ-տնտեսական գործոններին՝ դրանք առաջին հերթին արմատավորված էին հենց նահապետական համակարգի ներքին հակասությունների մեջ։ Մասնավորապես՝ անհատականության ճնշումը, որը համակարգի հիմքն էր, ստեղծում է այն ուժերը, որոնք հանգեցնում են դրա կործանմանը։

Միայն ներքին բարոյականությանն ու ավանդական բարքերին հենված ընտանիքը անկարող էր դիմակայել նոր սոցիալ-տնտեսական կարգերին, ուստի և քանդվեց և՛ բարոյապես, և՛ սոցիալապես։ Երբ անհատական ցանկություններն ու ձգտումները գլուխ բարձրացրին, երբ սեփական «իրավունքները» տնօրինելու ազատության պահանջն առաջացավ, նահապետական գերդաստանի շենքը սկսեց քանդվել ներսից՝ ծնելով անձնական շահեր համայնականի փոխարեն։