«Պատմական փաստ» հասկացությունը էվոլյուցիա է ապրել՝ Անտիկ դարաշրջանի պատմիչներ Հերոդոտոսից, Քսենոփոնից, Թուկիտիդեսից, Պոլիբիուսից, Պլուտարքոսից մինչև մեր օրերը: Նրանք պատմական փաստի հանդեպ իրենց նոր սկզբնավորվող մեթոդաբանական մոտեցումների միջոցով փորձել են ներկայացնել անցյալի կամ իրենց ժամանակակից իրական ու ճշմարիտ, իսկ երբեմն նաև՝ առասպելախառն պատմությունը: Հասկանալի է, որ վերջինիս պարագայում դժվար է խոսել պատմական փաստի ճշմարտացի լինելու մասին: Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմիչները իրենց ժամանակի մեջ հստակ պատկերացում չեն ունեցել պատմական նյութերի վերաբերյալ և փորձել են տարբեր մոտեցումներով ու մեթոդներով մեկնաբանել դրանք:
Հետագա դարերում պատմական փաստերի և նյութերի վերաբերյալ իմաստային ու բովանդակային ընկալումներն ու գիտելիքները զարգացում ստացան միայն Վերածննդի, Ռեֆորմացիայի ու Լուսավորության դարաշրջաններում: