Ցեղասպանության պայմաններում զոհի և դահճի առճակատումը դուրս է գալիս ֆիզիկական բնաջնջմանն ուղղված պարզ գործողությունների սահմաններից՝ վերածվելով անհաշտ գոյաբանական պայքարի։ 1915-1918 թթ.․ դրա ականատեսը դարձած «Մշակ» և «Տաճար» պարբերականների ներհակ դիրքորոշումների համեմատական քննություն է ներկա հրապարակումը, որում բախվում են երկու հակադիր մոտեցումներ. եթե Թիֆլիսի հայ մամուլը լուսարձակում էր ոճրագործի քաղաքական պատասխանատվությունը, ապա պոլսահայ հարթակում տիրապետող էր դառնում ինքնամեղադրման վտանգավոր միտումը։ Հոդվածում Կ. Յասպերսի և Պ. Ռիկյորի հայեցակարգերով հիմնավորվում է, որ զոհի կողմից սեփական «մեղքի» արհեստական ընդունումը մի կողմից՝ բացարձակ ճնշման, իսկ մյուս կողմից՝ սուբյեկտայնության փոշիացման հետևանք է։ Այս գործընթացը, որի առանձին դրսևորումները արձանագրվում են նաև մեր օրերում, կարելի է բնորոշել ցեղասպանության շարունակական արարք։ Նրա նպատակն է զրկել զոհին ինքնապաշտպանության բարոյական իրավունքից և լեգիտիմացնել դահճի գործողությունները։
Tag Archives: ճշմարտություն
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՊատմության տեսության ու մեթոդաբանության հարցեր
Ժամանակին պատմության՝ գիտություն լինելը կասկածի տակ դնող գիտնականները հիմնվում էին այն իրողության վրա, որ մարդկային կամքի ու բանականության միջոցով կերտվող պատմության տիրույթում չեն գործում բնագիտութանը բնորոշ օրենքները և անգամ հիմնական օրինաչափութունները։ Այստեղ բացի խիստ ընդհանուր օրինաչափություններից, գործում է սոսկ սովորույթի ուժը: Սակայն եթե, պատմության այս յուրահատկության պատճառով նրանից դժվար է արտածել օրենքներ, դա դեռ չի նշանակում, որ պատմությունը գիտություն չէ: Ավելին, երբ 19-րդ դարի պոզիտիվիստական փիլիսոփայությունը (Օ. Կոնտ, Հ. Սպենսեր և ուրիշներ) փորձեց պատմությունը մեկնաբանել բնագիտության օրենքներով, նման ակնհայտ գռեհկացումը քիչ անց խիստ քննադատության ենթարկվեց Բադենյան նորկանտական դպրոցի, իսկ 20-րդ դարում՝ «Աննալների» դպրոցի կողմից:
Այդ ամենից ակնհայտ դարձավ, որ պատմությունը նույնպես իրական է, ինչպես բնությունը, սակայն այն մեր մտածողության մեջ է: Ուստի եթե բնության ու բնագիտության մեջ գործում են մշտակայուն օրենքներ, ապա պատմության մեջ ամենից առաջ գործում է մարդկային միտքն ու կամքը, որ պակասում է բնության մեջ:
Բայց ողջ խնդիրը նրանում է, որ սուբեկտիվ գործոնը պատմության ասպարեզից տեղափոխվել է նաև պատմագիտության մեջ։
Ներկայումս ողջ աշխարհում ծավալվող քաոսային զարգացումների ֆոնին ագրեսիվ նպատակներ հետապնդող երկրների ու ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում ուժեղանում է պատմագիտությունը կեղծարարության գործիքից՝ քաղաքական քարոզչության զենքի վերածելու մտայնությունը։ Չունենալով գիտականորեն ապացուցված պատմական անցյալ, մեր հարևանները արդեն դիմում են գիտնականներ և ամբողջ գիտահետազոտական ինստիտուտներ վարձելու ու նրանց զանգվածային կեղծարարութունները էլեկտրոնային լայն քարոզչության առարկա դարձնելու մարտավարությանը։ Ուստի ներկա հրապարակման մեջ համակողմանի քննադատության ենթարկելով ադրբեջանական «պատմաբանների» քարոզչական գործելակերպը՝ մենք այն դիտարկում ենք որպես պատմական գիտությաննն ուղղված նոր մարտահրավեր:
ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԻ ԻՄԱՍՏՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸՊատմաբանի կոգնիտիվ գործառույթների համատեքստում
«Պատմական փաստ» հասկացությունը էվոլյուցիա է ապրել՝ Անտիկ դարաշրջանի պատմիչներ Հերոդոտոսից, Քսենոփոնից, Թուկիտիդեսից, Պոլիբիուսից, Պլուտարքոսից մինչև մեր օրերը: Նրանք պատմական փաստի հանդեպ իրենց նոր սկզբնավորվող մեթոդաբանական մոտեցումների միջոցով փորձել են ներկայացնել անցյալի կամ իրենց ժամանակակից իրական ու ճշմարիտ, իսկ երբեմն նաև՝ առասպելախառն պատմությունը: Հասկանալի է, որ վերջինիս պարագայում դժվար է խոսել պատմական փաստի ճշմարտացի լինելու մասին: Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմիչները իրենց ժամանակի մեջ հստակ պատկերացում չեն ունեցել պատմական նյութերի վերաբերյալ և փորձել են տարբեր մոտեցումներով ու մեթոդներով մեկնաբանել դրանք:
Հետագա դարերում պատմական փաստերի և նյութերի վերաբերյալ իմաստային ու բովանդակային ընկալումներն ու գիտելիքները զարգացում ստացան միայն Վերածննդի, Ռեֆորմացիայի ու Լուսավորության դարաշրջաններում: