Tag Archives: պետականակերտում

ԱՐՑԱԽՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Սույն գրախոսությունը վերաբերում է Մհեր Հարությունյանի «Ռազմական շինարարությունը Արցախում, 1991–2006 թթ.» մենագրությանը, որը համակարգային վերլուծության է ենթարկում Արցախի Հանրապետության՝ ռազմական և ինստիտուցիոնալ կայացման գործընթացը։ Հեղինակը ներկայացնում է Պաշտպանության բանակի ձևավորման, կայացման և ռազմավարական վերափոխման փուլերը ադրբեջանական ռազմական սպառնալիքի պայմաններում։

Մենագրության հիմնական վերլուծական ուղղություններն են՝ զինված ուժերի և կառավարման ինստիտուցիաների ձևավորումը (1992–1994 թթ.), սահմանափակ ռեսուրսների պայմաններում ռազմական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի զարգացումը, սպայական կազմի պատրաստումը և մասնագիտական վերապատրաստումը՝ տեղական և արտասահմանյան կրթական համակարգերում, հրադադարին հաջորդած շրջանում դիրքային պաշտպանության և տարածքային ամրաշինության կազմակերպումը։

Գրախոսության մեջ ընդգծվում է այն հանգամանքը, որ մենագրությունը հիմնված է բացառիկ սկզբնաղբյուրների վրա (արխիվային փաստաթղթեր, պաշտոնական հրատարակություններ, հիշողութուններ), որոնցից շատերը 2023 թ․ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո եզակի պատմագիտական արժեք ունեն։

Հատուկ ուշադրություն է դարձվում հետազոտույթյան հայեցակարգային նշանակությանը՝ ռազմական շինարարությունը դիտարկելով որպես պետականակերտման հիմնական գործոն՝ Արցախի քաղաքական կարգավիճակի անորոշության և գոյաբանական սպառնալիքների առկայության պայմաններում։ Մենագրությունն աչքի է ընկնում ոչ միայն փաստերի առատությամբ, այլև հիմնավորված տեսական վերլուծություններով, որոնք միավորում են ազգային անվտանգության, հակամարտագիտության և ինստիտուցիոնալ կայունության ոլորտները։

Գրախոսությունը նաև ընդգծում է աշխատության կիրառական արժեքը՝ այն դիտարկելով որպես հիմք՝ պաշտպանական քաղաքականության մշակման, ինչպես նաև ռազմական կրթության և ռազմավարական հետազոտությունների իրականացման համար։

Գրախոսվող աշխատությունը դիտվում է որպես արժեքավոր ներդրում հետխորհրդային չճանաչված պետությունների զինված ուժերի ձևավորման և ռազմական ինստիտուցիոնալացման ուսումնասիրության ոլորտում։