Tag Archives: Ռեֆորմացիա

DOI: 10.57192/18291864-2026.1-54

ՊԱՎԼԻԿՅԱՆ ԵՎ ԹՈՆԴՐԱԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մաս առաջին։ Դասակարգային պայքար և սոցիալական ուտոպիա

Սույն հոդվածը վերլուծում է խորհրդահայ պատմագրության մեջ պավլիկյան և թոնդրակյան շարժումների ներկայացումը դասակարգային պայքարի դիտանկյունից։ Եթե նախախորհրդային շրջանի հետազոտություններն այս շարժումները քննում էին հիմնականում կրոնադավանաբանական համատեքստում, ապա խորհրդահայ պատմագրությունը մարքսիստական գաղափարախոսության և պատմական մատերիալիզմի հենքով վերաիմաստավորեց դրանք որպես կրոնական քողի ներքո սոցիալական պայքարի դրսևորումներ։ Հենվելով XVI դարի Ռեֆորմացիայի և Գերմանիայում Գյուղացիական պատերազմի՝ Էնգելսի մեկնաբանությունների վրա՝ խորհրդահայ հեղինակները միջնադարյան հայկական իրականությանը վերագրեցին մարքսիստական պատմագրության այնպիսի առանցքային հասկացություններ, ինչպիսիք են դասային հակասությունը, սոցիալական ուտոպիզմը և գյուղացիական ընդվզումները։ Պավլիկյան և թոնդրակյան շարժումները «կրոնազերծվեցին»՝ ի սպաս ժամանակի գաղափարախոսական հրամայականի։

Հոդվածում վերլուծվում են այս պնդումների տեսական և փաստական հիմքերը՝ ընդգծելով կիրառված անաքրոնիստական եզրութաբանությունը և բացահայտելով պավլիկյան ու թոնդրակյան շարժումները մարքսիստական պատմագրության կաղապարով դիտարկելու սահմանափակումները։

ՊԱՎԼԻԿՅԱՆ ԵՎ ԹՈՆԴՐԱԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Քննական հայացք 18-20-րդ դարերի հայ պատմագրությանը

Սույն հոդվածում ուսումնասիրվում է պավլիկյանների և թոնդրակեցիների պատմական դերակատարության արտացոլումը 18-20-րդ դարերի հայ պատմագիտության մեջ։ Հենց այս շրջանում սկզբնավորվեց հիմնախնդրի ուսումնասիրությունը, և ամրապնդվեցին մինչ օրս բանավեճի առարկա հիմնական պատումները։ Քննելով այս շրջանի հետազոտությունները՝ հոդվածում ներկայացվում է, թե ինչպես են պավլիկյանների և թոնդրակեցիների պատմագիտական ընկալումները տատանվել նրանց վտանգավոր աղանդավորներ կամ հերետիկոսներ դիտարկելու և բարենորոգչական գաղափարների առաջամարտիկներ համարելու միջև։

Դիտարկվող շրջանում հրապարակված հետազոտությունները հիմնախնդիրը ներկայացնում էին հիմնականում կրոնական և աստվածաբանական տեսանկյունից, հետևաբար, որպես կանոն, կիրառելի էին «աղանդավոր» և «աղանդ» բնորոշումները։ Հայ ավետարանական պատմագիրները, Հայաստանում սեփական արմատները փնտրելու նպատակով որդեգրել էին «շարժում» եզրը, ուստիև պավլիկյաններին ու թոնդրակեցիներին փորձում էին ներկայացնել որպես բարենորոգիչներ։

Հոդվածի եզրակացութունը` պավլիկյանների և թոնդրակեցիների վերաբերյալ բանավեճերն աղերսվում են ազգային և կրոնական ինքնության հարցերին։ Ըստ այդմ՝ հակոտնյա մոտեցումներն արտացոլում են աշխարհում հայերի տեղը հասկանալու և վերագնահատելու ջանքերը։