Tag Archives: վերլուծություն

ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոդվածը նվիրված է Պարույր Սևակի ստեղծագործությունների հայերեն և անգլերեն թարգմանությունների համարժեքությանն առնչվող խնդիրներին Դորա Սաքայանի բազմաշերտ և համակողմանի մոտեցմամբ, համատեքստի խորիմացությամբ, հմուտ վերլուծությամբ և թարգմանությամբ:

Թարգմանչի համար գեղարվեստական թարգմանությունը մարտահրավերներով լեցուն մի ուղի է, որը նրանից պահանջում է հեղինակի ստեղծագործական ողջ ճանապարհի ուսումնասիրություն, խոր ըմբռնում, բնագրի ոգու ընկալում և հետո միայն վերարտադրում սեփականը դարձած մտքի, զգացմունքների, հուզաարտահայտչական ներաշխարհի և փորձառության վրա հիմնված ճշգրիտ արտահայտությումբ՝ բնագրի լեզվին և ոճին համապատասխան:

Գեղարվեստական թարգմանությունը համարժեքության հստակ սկզբունքներ չի կարող նախանշել: Թարգմանիչը պետք է կարողանա ճիշտ ընտրություն կատարել՝ այդպիսով հավատարիմ մնալով բնագրին և ընդառաջ գնալով թիրախային լեզվի ընթերցողին: Հաշվի առնելով, որ գեղարվեստական գրականության մեջ թարգմանաբանական խնդիրները բազմազան են և բազմաբնույթ, անչափ կարևոր է ճիշտ և հստակ ռազմավարություն որդեգրել լուծումներ տալու համար: Հարցը պետք է դիտարկել իմացական հայեցակերպից, քանի որ տարբեր մշակույթներն ու լեզուները իմաստավորվում և կիսում են միևնույն իմացական հիմքը, կառուցում իրենց համակարգերը հասարակության համընդհանուր ճանաչողության դիրքերից:

Այսպիսով՝ համարժեքությանը վերաբերող ուսումնասիրությունները եղել և մնում են թարգմանաբանության առանցքային հարցերից մեկը, որին անդրադարձել և շարունակում են անդրադառնալ տարբեր լեզվաբաններ: Եվ չնայած արդեն իսկ կատարված աշխատանքներին և ունեցած ձեռքբերումներին` այն շարունակում է մնալ որպես կարևոր ուսումնասիրության խնդրո առարկա: