Tag Archives: քրիստոնեության հռչակումը պետական կրոն

ԵՎՍԵԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ․
թագավորական իշխանության հիմնավորումը քրիստոնեական հելլենիզմի ծիրում

Հելլենիստական քրիստոնեությունը խնդիր ուներ հարակարգելու աստվածաշնչյան և հելլենիստական հիմնարար արժեքները՝ կրոնախոսության, իմաստասիրության, իրավունքի, քաղաքականության և մշակույթի այլևայլ տիրույթներում։ Միտված էր ձևավորելու ինքնության նոր ձևեր՝ անհատական, հանրութային և (անգամ) տերունական մակարդակներում։ Համոզմունք կա, որ նման տեղաշարժերի պարագային հույժ էական էր արքայական և կրոնական հեղինակությունների դերակատարությունը։ Ներկայացվող հոդվածը սատարում է այս մոտեցումը Ուշ հռոմեական տերության և Մեծ Հայքի օրինակով՝ ուշադրություն սևեռելով Կոնստանտին Մեծի (306-337) և Տրդատ Գ–ի (298-330) դարաշրջանի վրա։ Չնայած այս գահակալների տարբերություններին՝ ակնառու էին նաև նրանց ընդհանրական գծերը․ դրանք նախ և առաջ վերաբերում էին քրիստոնեության Դարձի հանգամանքներին։ Դարձ, որը նոր հեռանկարներ ուրվագծեց ինչպես Հռոմի, այնպես էլ Մեծ Հաքի համար։

Հիշյալ տեղաշարժերը հոդվածում դիտարկվում են երկու ականավոր մտավորականների գրույթի լույսով՝ Եվսեբիոս Կեսարացու և Մովսես Խորենացու։ Մեկը Կոնստանտինի սերտ գործակիցն էր, մյուսը, որ ապրում էր ավելի քան հարյուր տարի անց, նպատակ ուներ օրինականացնելու Տրդատ արքայի գործունեությունը։ Մեկը որդեգրել էր գրույթի ջատագովական ոճը, մյուսը՝ պատմական նկարագրությունը և խորքային ներհայացը։ Հանդերձ այդու՝ երկու հեղինակներն էլ մեկնարկում են հելլենիստական ընկերային տեսությունից՝ շաղախված աստվածաշնչյան իմաստնությամբ։ Համաձայն այս համադրության՝ Հռոմեական տերությունը հասել էր իր բարձրակետին ընդ իշխանությամբ Կոնստանտին Մեծի, և նրա հիմնած նոր մայրաքաղաքը, Կոնստանտինապոլիսը, մարմնավորում էր հենց այդ գաղափարը։ Այլ էր հայոց պարագան. Տրդատ Գ-ից հետո այն բռնեց աստիճանական անկման և քայքայման ուղին։ Սակայն ուրվագծվում էր նրա վերականգնման հնարավորությունը՝ պայմանով, որ կձևավորվի ազգային նոր ընտրախավ՝ դաստիարակված ազգային նոր մշակույթի և դպրոցի ծիրում։ Աստ Խորենացին վերադառնում էր իր ուսուցչի՝ Սբ. Մաշտոցի հիմնագաղափարին։