Tag Archives: օտարաբանություններ

ԳՆԱՀԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ*

Հոդվածում ուսումնասիրվում է գնահատողականությունը մեդիալեզվի տիրույթում: Գնահատողականությունն իր միջուկային էությամբ վերաբերմունքային-հասկացական կարգ է, որը մեդիատեքստում դառնում է հանրային կարծիքի արտահայտության գործիք։ Այն արտացոլում է հաղորդողի սուբյեկտիվ դիրքորոշումը իրադարձության կամ անձի նկատմամբ և ԶՀՄ-ում վերափոխվում է գաղափարական ու ներգործական ազդակի։ Հատկապես թվային միջավայրում, որտեղ բովանդակության տարածումը հաճախ հիմնված է վերաբերմունքի վրա, գնահատողականությունը դառնում է մեդիալեզվի առանցքային բաղադրիչ։

Լեզվաբանական ուսումնասիրություններում այն դիտարկվել է որպես համակարգ, որը ներառում է վերաբերմունքի, ներգրավվածության և աստիճանակարգության չափորոշիչներ։ Հայ գիտական դաշտում թեման դեռևս համարժեքորեն ուսումնասիրված չէ, չնայած առկա են առանձին դիտարկումներ մամուլի լեզվի, հանրային խոսքի ու գովազդի վերաբերյալ։ Հոդվածը նպատակ ունի համակողմանի ներկայացնելու գնահատողականության դերը ժամանակակից ԶՀՄ-ում՝ ուսումնասիրելով այն թե՛ լեզվական մակարդակով (բառ, նախադասություն), թե՛ խոսույթային ու համատեքստային հարթություններում՝ հաշվի առնելով հեղինակին, լսարանը, ժանրը, մեդիամիջավայրը և մշակութային-քաղաքական համատեքստը։