ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ – 2022-1 Մաս առաջին. Երկրաշարժ Արսեն Է. Հարությունյան Միջնադարյան Հայաստանի պատմության գրավոր սկզբնաղբյուրների՝ վիմական արձանագրությունների և ձեռագիր հիշատակարանների հաղորդած տեղեկությունները վաղուց հայ և օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում են: Դրանց արժևորման վկան դեռևս խորհրդային տարիներից հրատարակվող «Նյութեր հայ ժողովրդի պատմության» և «Դիվան հայ վիմագրության» մատենաշարերն են, որոնց ստվարածավալ հատորներում ժամանակագրորեն, իսկ վիմագրերի դեպքում՝ ըստ շրջանների/մարզերի, ամբողջացվում են հայ գրավոր մշակույթի նշխարները: