ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄԱԾԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2020-2

Մաս Բ։ Պայքար հայոց թագավորության միասնականության պահպանման համար

Արման Ս․ Եղիազարյան
960-ական թթ. վերջը և 970-ական թթ. առաջին կեսը Աշոտ Գ Ողորմածի գահակալության շրջանի առավել բարդ և հանգուցային փուլերից էր: Հզորության գագաթնակետին գտնվող հայոց թագավորությունն այդ ժամանակ կանգնեց մեծ վտանգի առաջ, քանի որ անչափ հավակնոտ նվաճողական ծրագրերով հանդես եկան Բյուզանդիայի կայսրեր Նիկեփոր Փոկասը (963-969 թթ.) և Հովհաննես Չմշկիկը (969-976 թթ.): Բյուզանդիայի հիմնական նպատակը Կիլիկիայից մինչև Պաղեստին ընկած երկրներին տիրելն էր, բայց այդ ճանապարհին նա մի կողմից ձգտում էր օգտվելու Բագրատունյաց թագավորության զինուժի աջակցությունից, իսկ մյուս կողմից Հայաստանի ներսում երկպառակություն սերմանելու և նրանից նորանոր երկրամասեր պոկելու փորձեր էր անում: