ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՎԻՄԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ – 2020-3 Արսեն Է. Հարությունյան Երևանի պատմության համակողմանի ուսումնասիրման համար, հայ մատենագրության ավանդած տեղեկություններից զատ, առաջնային սկզբնաղբյուրներ են նաև մեզ հասած վիմական արձանագրությունները: Իբրև այդպիսին նախ հատկանշելի են Էրեբունի (Արին-բերդ) ամրոցում 1950 թ. և հետագա տարիների հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված չորս սեպագրերը։ Դրանցից մեկը (նկ. 1) գտնվել է հենց 1950 թ. սեպտեմբերի 25-ին արշավախմբի ղեկավար, ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանի կողմից և բովանդակում է հետևյալը. «Խալդյան մեծությամբ, / Մենուայի որդի Արգիշտին / այս հոյակապ բերդը կառուցեց, / կոչեց քաղաք Իրբունի անվամբ՝ / ի փառս Բիայնա երկրների / և ի սարսափ թշնամի երկրների: / Արգիշտին ասում է՝ հողն / ամայի էր, ես այստեղ / հիշարժան գործեր կատարեցի: / Խալդյան մեծությամբ, / Մենուայի որդի Արգիշտին՝/ թագավոր հրաշագործ, թագավոր Բիայնայի, / տերը Տուշպա քաղաքի»: