ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ – 2021-1

Յուրի Ս. Ավետիսյան

Փոխառությունը յուրաքանչյուր լեզվի բառապաշարի հարստացման ամենակենսական ուղիներից է: Այդ միջոցից լեզուները օգտվում են առավել կամ պակաս չափով: Հայերենը աշխարհի այն լեզուներից է, որոնք քիչ են դիմում փոխառությունների: Օտար լեզուներից փոխանցվող բառերը հայերենը հնարավորության սահմաններում փորձում է փոխարինել համարժեքներով: Այս վերաբերմունքը թելադրվում է մեր ազգային կյանքի յուրահատկություններով։ Ուծացման վտանգը մշտապես սպառնացել է մեր ազգային ինքնությանը, իսկ լեզուն դիմակայության ամենից հզոր զենքերից է, որը հնարավորինս հեռու պետք է պահել օտար, անհարկի ազդեցություններից։ Բացի դրանից` հայերենը ունի բառակազմական ճկուն հնարավորություններ՝ սեփական բառամթերքով բառային կազմը հարստացնելու համար: